Նոյեմբերի 13-ին, ժամը 13-ին, 1-02 ծառայություն է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում կայանված իր մեքենան փախցրել են: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբ է մեկնել Զովունի: Մեքենայատերը հայտնել է, որ Զովունու 5-րդ փողոցում կայանված իր «Ֆոլքսվագենը» փախցրել են գիշերը:
Նաիրիի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և շուտով ստացան օպերատիվ տեղեկություն, որ մեքենան կարող է փախցրած լինել Արմավիրի մարզի մի բնակիչ:
Նաիրիի ոստիկանները կողմնորոշիչներ ուղարկեցին հարակից մարզերի գործընկերներին, մայրաքաղաքի և մարզային պարեկային ծառայություններ` հայտնելով մեքենայի և հնարավոր առևանգողի տվյալները: Միջոցառումներն արդյունք տվին նույն օրը, նաև հաստատվեց քրեական հետախույզների տեղեկությունը ավտոառևանգողի վերաբերյալ:
Շիրակի մարզի պարեկների տեսադաշտում է հայտնվում առևանգված մեքենան։ Պարեկները սկսում են հետապնդումը։ Վարորդը չի ենթարկվում նրանց օրինական պահանջներին ու, մեքենայով հանդերձ, փախչում է։ Ի վերջո, Գյումրի-Արմավիր ճանապարհին՝ Գետք գյուղի վարչական տարածքում, նա ձերբակալվում է և, առևանգված «Ֆոլքսվագենով» հանդերձ, տեղափոխվում ոստիկանության Ախուրյանի բաժին։ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 35-ամյա տղամարդը հայտնում է, որ մեքենան ինքն է առևանգել Զովունի գյուղի 5-րդ փողոցից: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է բացովի դանակ:
Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: