ՈՂՋ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ՝ ՄԻ ՀԱՐԿԱԲԱԺՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Առողջապահության նախարարությունը 2022 թվականի ապրիլի 7-ի Կառավարության որոշման համաձայն՝ միաձուլման ձեւով վերակազմակերպեց երկու անհամատեղելի կառույցների՝ «Մաշկաբանության ազգային կենտրոն» եւ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ները՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքը տրամադրել Պետական առողջապահության գործակալությանը (ՊԱԳ)-ին, իսկ Այրվածքաբանության ազգային կենտոնը նախատեսվում է տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ տեղավորելով մի հարկում: Գլխավորն այն է, որ նախարար Ավանեսյանի սրտի ֆինանսիստը՝ ՊԱԳ ղեկավար Ահարոն Բարսեղյանը, ունենա առանձին մասնաշենք: Հիշեցնենք, որ Բարսեղյանը այստեղ է տեղափոխվել աշխատանքի Անահիտ Ավանեսյանի մայրիկին պատկանող տարածքում գտնվող «Վիգմոր» կլինիկայի ֆինանսիստի հաստիքից: Իսկ նախարարն ամեն ինչ անում է՝ հրապարակավ ապացուցելու, թե «Վիգմոր» կլինիկայի հետ որեւէ առնչություն չունեն ընտանքով:

Ինչեւէ, դառնալով կայացված որոշմանը՝ նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը բազում դժգոհություններ է ստացել այն մասին, որ Առողջապահության նախարարության անհեթեթ որոշման արդյունքում կրճատվում է աշխատակիցների հաստիքացուցակը եւ ավելանում է գործազրկությունը:

Ամեն դեպքում, խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց կողմերի հետ՝ հասկանալու, թե ինչպես պետք է մեկ հարկաբաժնում կազմակերպվի մի հսկա կառույցի աշխատանքը: Այրվածքաբնության ազգային կենտրոնի տնօրեն Արթուր Բերբերյանն ասաց, թե. «Բոլոր հարցերով դիմեք Առողջապահության նախարարություն»: Իսկ, ահա, «Մաշկաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ շարունակում են կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, ավելին ասել չի կարող:

Այսպիսով՝ ՀՀ առողջապահության իրավաբան նախարարը իր ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ եւս մեկ անգամ հարցականի տակ է դնում առողջապահական ոլորտի երկու կարեւոր ուղղությունների գործունեությունը՝ արդյունքում խառնաշփոթ ստեղծելով առողջապահական ոլորտում: Հիշեցնենք, որ նախարար Անահիտ Ավանեսյանն առողջապահական ոլորտի հետ որեւէ առնչություն չունի: Ավելին՝ Կառավարության որոշման մեջ անգամ մեկ նախադասությամբ ընդգծված չէ, թե ինչ է լինելու «Մաշկաբանության ազգային կենտրոնի» ճակատագիրը:

Բայց սա չի խանգարում, որ լայն ժպիտով գնա, կանգնի եւ լուսանկարվի ճապոնացիների կողմից նվեր ուղարկված շտապօգնության մեքենաների ֆոնին:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՀԱՅՏՆԻ Է ՎԱՅՐԸ

Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից:

Նշվում է, որ քննարկվել է վարչության նախորդ նիստում կայացված մի շարք որոշումների կատարման ընթացքը, որոշվել է կուսակցության քաղաքական ժողովի առաջին նիստը անցկացնել դեկտեմբերին՝ Ջերմուկ քաղաքում:

Որոշվել են վարչության նախագահի տեղակալների համակարգման ոլորտները. տեղակալների նշանակումը տեղի կունենա առաջիկա նիստերից մեկում: Քննարկվել եւ լրամշակման է ուղարկվել կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը:

Նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել Գյումրիի եւ Սպիտակի ավագանիների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների գործունեության վերաբերյալ:

Օրակարգում ընդգրկված են եղել նաեւ աշխատակարգային հարցեր:

 

 

 

ԵՌԱԿՈՂՄ ՀՈՒՇԱԳԻՐ

Կարեւորելով 2016 եւ 2020թթ. ռազմական գործողությունների մասնակիցների կրթության, աշխատաշուկայում մրցունակության բարձրացման եւ զբաղվածության ապահովման ուղղությամբ պետություն-մասնավոր հատված ջանքերի համախմբումը՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամների միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Նախարարությունից հայտնում են, որ հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվել են ստեղծել առցանց հարթակ, որի միջոցով կհամակարգվի պետության, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների եւ մասնավոր հատվածի աշխատանքները։ Հարթակը հնարավորություն կտա նույնականացնել շահառուներին, համադրել տարբեր կառույցների կողմից նրանց տրամադրվող ծառայությունները եւ գնահատված կարիքի հիման վրա ուղղորդել նպատակային աջակցություն ստանալու:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը կնշանակվի Արցախի ԱԳ նախարար: Այս մասին հայտնում են MediaHub-ի  արցախյան աղբյուրները: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Դավիթ Բաբայանն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից եւ նշանակվել արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը (շահագործումը), ինչպես նաեւ հրագործական, արտադրատեսակների, ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը, արտադրությունը, պահեստավորումը, առեւտուրը եւ կիրառումը կդառնա պարտադիր լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: Այդպիսի նախագիծ է ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Հիմնավորման մեջ նշվում է, որ այս նախագիծը ներկայացնելու համար հիմք է հանդիսացել այս թվականի օգոստոսի 14-ին Երեւան քաղաքի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր աղետը: Ներկայումս հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումը եւ առեւտուրն իրականացվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեության իրականացման պարզ ընթացակարգով, սակայն նշվում է, որ այդ գործառույթներն իրենց մեջ պարունակում են անվտանգության, առողջապահական եւ այլ բաղադրիչներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել գործընթացը բերել լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու եւ լիցենզիաների տրամադրման ելակետային չափորոշիչներ եւ պարտադիր պահանջներ սահմանելու համար: Հրագործական արտադրատեսակների արտադրությունը, վտանգավորության աստիճանով պայմանավորված, առաջարկվում է նաեւ դարձնել որպես փորձաքննության ենթակա լիցենզավորման գործունեության տեսակ այն մոտեցմամբ, ինչը նախատեսված է պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների արտադրության պարագայում: Նշվում է նաեւ, որ նախագիծը մշակվել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցությամբ:

 

 

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Բեգլարյանը հրավիրվել է ԱԱԾ եւ ծանոթացել ԱԱԾ-ի կողմից իր նկատմամբ հարուցված քրեական վարույթին, սակայն մեր տեղեկություններով՝ երբ հերթը հասել է հարցաքննության, Գագիկ Բեգլարյանն ասել է, որ օգտվելով իր իրավունքից՝ հրաժարվում է ցուցմունք տալ: Ասել է, թե 24 գույքի հափշտակության գործով Երեւանի քաղաքապետը հրաժարվել է ցուցմունք տալ: Հիշեցնենք, որ օրերս Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթը, որի ընթացքում պարզվել է, որ 2002-2010 թվականների ընթացքում Երեւան քաղաքի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի, այնուհետեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Գ.Բ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ Երեւան քաղաքում եւ այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույքեր: Խոսքը 24 գույքի եւ երեք հողամասի մասին է:

 

 

 




Լրահոս