ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բնակարանների գները կտրուկ բարձրացել են. ինչ պատկեր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում բնակարանների գները օր օրի են բարձրանում: Օրինակ՝ մեկ տարվա ընթացքում Երեւանի փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն 100 հազար 800 դրամով թանկացել է:

Կենտրոն վարչական շրջանում նախորդ տարվա նոյեմբերին բնակարանի մեկ քմ-ն գերազանցում է 1880 դոլարը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն նոյեմբերին վաճառվել է 773 հազար 100 դրամով, մինչդեռ հոկտեմբերին այն կազմել է 760 հազար 500 դրամ, այսինքն` մեկ ամսվա ընթացքում 12600 դրամով թանկացել է: Իսկ ահա 2021 թվականի նոյեմբերին Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն 672 հազար 300 դրամ է:

ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, բնակարանների թանկացում արձանագրվել է նաեւ Երեւանի մյուս վարչական շրջաններում:

Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 2300 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 1700 դրամով: Օրինակ` Դավթաշեն վարչական շրջանում նախորդ տարվա նոյեմբերին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 400 հազար 100 դրամով, իսկ 2021 թվականի նոյեմբերին՝ 345 հազար դրամ: Ավան վարչական շրջանում նոյեմբերին մեկ քմ-ն վաճառվել է 343 հազար 100 դրամ, Մալաթիա-Սեբաստիայում` 344 հազար դրամով, Նոր-Նորքում` 331 հազար 50 դրամով: Բնակարանի գինը բարձրացել է նաեւ Նուբարաշենում, որտեղ նախորդ տարվա հոկտեմբերին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 203 հազար 700 դրամ, իսկ նոյեմբերին՝ 204 հազար 500 դրամ։ Տեղեկացնենք, որ թանկացել են ոչ միայն բնակարաններն ու տները, այլեւ վարձակալության ծառայության գինն է զգալի բարձրացել:

Նախորդ տարվա սկզբից մի քանի անգամ ավելացել են վարձու բնակարանների վճարները:

Պատճառը՝ նախորդ տարեսկզբից Ռուսաստանից եկողների մեծ հոսքն է: Բացի այս, դոլարի փոխարժեքի տատանումները եւս նպաստում են անշարժ գույքի գնաճին. այս դեպքում քաղաքացիների մեծ մասը նախընտրում է ներդրումներ կատարել հենց այս շուկայում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս