Հայաստանի առաջին արբանյակը Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերվեց 2022-ի մայիսի 25-ին։ Շուտով պարզ դարձավ, որ արբանյակի շահագործման համար անհրաժեշտ է Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոն ստեղծել. այդ մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը արբանյակի արձակման հաջորդ օրը եւ կենտրոնի կառուցման վերջնաժամկետ նշեց 2023թ.-ի վերջը։ Այնուհետեւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը հոկտեմբերի 25-ի Ազգային ժողովի նիստում, պատասխանելով պատգամավորի՝ կառավարման կենտրոնի ստեծման մասին հարցին, վստահեցրեց, որ այն պատրաստ կլինի մինչեւ 2022-ի տարեվերջ։ Մեկ ամիս անց՝ նոյեմբերի 18-ին, արդեն ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց, որ արբանյակի թեստավորումներն ավարտվել են, այն պատրաստ է շահագործման, իսկ կառավարման կենտրոնը շուտով կբացվի: Մինչեւ տարեվերջ նման կենտրոն այդպես էլ չբացվեց: Վերջերս «Սիվիլնեթ»-ը հարցում էր ուղարկել ԲՏԱ նախարարություն եւ հստակ ժամկետներ խնդրել: ԲՏԱ նախարարությունից պարզաբանել են, որ բացման կոնկրետ ժամկետ հայտնի չէ, եւ կենտրոնը նախատեսվում է գործարկել 2023թ.-ի ընթացքում։ Նախարարությունից նաեւ հստակեցրել են, որ Հայաստանում ընդունիչ կայանը դեռեւս չի ստեղծվել։ Նկատենք, որ արբանյակի գործարկման օրվանից տարատեսակ ոչ միանշանակ կարծիքներ ու պնդումներ են հնչում արբանյակի պատկանելության, հնարավորությունների եւ նպատակահարմարության մասին, եւ, ամենակարեւորը, ինչպես նշել էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի որեւէ նկարահանում չի արվել կամ չի հրապարակվել ամենազոր արբանյակի կողմից: Եթե պատերազմի հանցանքներն էլ մենք չենք կարողանում ապացուցել արբանյակից արված կադրերով, ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես դրա գոյությունը:
Ազգային ժողովի խորհուրդն այսօր նիստ է հրավիրելու, որի ընթացքում էլ անհարգելի բացակաների թիվը գերազանցած պատգամավորների մասով որոշում կկայացվի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թիրախում ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն է: Թեեւ բացակաների թիվը գերազանցած պատգամավորները 22-ն են, բոլորն էլ՝ «Հայաստան» խմբակցությունից, բայց տեղեկացանք, որ Սաղաթելյանի բացակայություններն ավելի շատ են, եւ իշխանությունը մտադիր է ՍԴ դիմել միայն Իշխան Սաղաթելյանի մասով՝ միջնորդելով զրկել նրան մանդատից: Այս առիթով մեկնաբանություն խնդրեցինք ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից, որն ասաց. «Այդ մասով ոչինչ չեմ կարող ասել, վաղը խորհրդի նիստն է որոշելու»: Նկատենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը եւ Սեյրան Օհանյանը արդեն տեւական ժամանակ է՝ իշխանությունների ուշադրության կենտրոնում են, ամեն կերպ փորձում են դաշտից հեռացնել ընդդիմադիր երկու պատգամավորներին: Ընդդիմադիրները, նշենք, վաղվա խորհրդի նիստին չեն մասնակցի:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը հերթական անգամ անհարմար իրավիճակում է հայտնվել: Դեկտեմբերի 16-ին Գեղարվեստի պետական ակադեմիայում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի նախագահությամբ տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի պաշտոնում է վերընտրվել Արամ Իսաբեկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Իսաբեկյանը միաձայն է ընտրվել, նրա թեկնածությանը հոգաբարձուների խորհրդի որեւէ անդամ չի առարկել, ինչը, սակայն, խիստ մտահոգիչ ու տարօրինակ է, քանի որ, ըստ պահանջի, Իսաբեկյանն այդ պաշտոնում առաջադրվել, էլ ուր մնաց ընտրվել չէր կարող, եւ, հետեւաբար, հանձնաժողովականների, այդ թվում՝ փոխնախարար Խզմալյանի մոտ հարցեր չառաջանալն առնվազն տաօրինակ է: Բանն այն է, որ 2021 հուլիսի 29-ի ՀՀ կառավարության 1248-Ն որոշման համաձայն՝ «ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել ՀՀ այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի գիտական աստիճան եւ առնվազն 5 տարվա ակադեմիական եւ գիտական գործունեության ստաժ»: Թեեւ անվանի նկարիչ Իսաբեկյանը տարիների փորձ, վաստակ ու գիտական կոչում ունի, բայց պահանջվող գիտական աստիճան (գիտությունների թեկնածու կամ դոկտոր) չունի, հետեւաբար ռեկտոր ընտրվել չէր կարող: Ի՞նչ է ստացվում. ԿԳՄՍ բարձրաստիճան պաշտոնյայի հովանու ներքո կրթական հաստատությունում ապօրինի, պաշտոնեական կեղծիքով ընտրություն է տեղի ունեցել: Հարցի մասով ԿԳՄՍ փոխնախարար Խզմալյանի տեսակետը լսել չհաջողվեց. նա մեր զանգերին չարձագանքեց, նախարարության լրատվական ծառայությունից էլ փոխանցեցին, որ հարցին միայն գրավոր հարցման դեպքում կպատասխանեն: Սա, թերեւս, նախարարության «թափանցիկ» աշխատելաոճի մասին է վկայում: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության երեկվա նիստի օրակարգում նախապես ներառված է եղել Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու հարցը (16-րդ հարցն է եղել), բայց կարճ ժամանակ անց հանվել է օրակարգից: Հուսանք՝ ապօրինությունը չի հաստատվի:
Ուշագրավ տեղափոխություն եւ նշանակում՝ Գլխավոր դատախազությունում: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը ԱԱԾ-ից իր հավատարիմ գործընկերներին տեղափոխում է Գլխավոր դատախազություն: Նկատենք, որ վերջերս ԱԱԾ-ից դատախազություն տեղափոխված պաշտոնյան պատահական մարդ չէ: Այսպիսով, ՀՔԾ-ում (ներկայումս վերափոխված Հակակոռուպցիոն կոմիտեում) «Մարտի 1»-ի քրեական գործով, «Սասնա Ծռերի» դեպքերով լրագրողներին հարցաքննած եւ քաղաքական իշխանության հրահանգով «Մարտի 1»-ի գործով «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հեռախոսային խոսակցությունները ապօրինի կերպով գաղտնալսած քննիչ Վազգեն Ավետիսյանն է տեղափոխվել, որը հեղափոխությունից հետո տեղափոխվել էր ԱԱԾ եւ նշանակվել ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի տեղակալ: Ասել է թե՝ քաղաքական հրահանգներով առաջնորդվող պաշտոնյան հիմա էլ ԱԱԾ-ից դուրս կգործի՝ օգտվելով դատախազի վերահսկողական գործառույթներից: Նա կլինի ՀՀ գլխավոր դատախազության՝ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ: