Ի դեմս Ադրբեջանի՝ մենք գործ ունենք նացիստական դրսևորումներով, ահաբեկչական պետության հետ: ArmLur.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել ՀՀ առաջին մարդու իրավունքների պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով արցախցի երեխաների նկատմամբ Ադրբեջանի երեկվա հանցագործությանը:
Արդեն հայտնել ենք, որ բնապահպանական քողի ներքո Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիների խումբը երեկ ահաբեկող գործողություններ է իրականացրել Հայաստանից Արցախ վերադարձող 19 երեխայի նկատմամբ: Ադրբեջանցիները դեմքերը փակած ներխուժել են երեխաներին տեղափոխող մեքենա և փորձել են ահաբեկել նրան:
ՀՀ առաջին ՄԻՊ-ն արձանագրում է՝ Ադրբեջանի այս գործողությունները միայն արցախցի երեխաների դեմ չեն, այլ՝ միջազգային բոլոր կազմակերպությունների.
«Ադրբեջանը ձեռք է առնում ՅՈՒՆԻՍԵՖ-ին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, ով սեղմում է Ալիևի ձեռքերը, որպեսզի Եվրոպայում կես աստիճան տաք լինի»,-ասում է Լարիսա Ալավերդյանը:
Զրուցակցի խոսքով՝ այս միջադեպը կրկին փաստում է,որ ռուս խաղաղապահները պատրաստ չեն նման դեպքերի. «Ինչպե՞ս են այդ տմարդիները մտել երեխաներին տեղափոխող մեքենայի մեջ, ինչո՞ւ չեն կանխել դա: Ռուս խաղաղապահները պետք է վերանայեն իրենց կազմի պատրաստվածությունը»,-ասում է Ալավերդյանը:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան