Արցախում ներիշխանական հարաբերությունները լարվել են. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Արցախի մեր աղբյուրները հայտնում են, որ Արցախի Հանրապետությունում շարունակում են լարված մնալ ներիշխանական հարաբերությունները, ավելին՝ վերջին օրերին հակասությունները էլ ավելի են սրվել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջև: Մեր տեղեկություններով, հիմնական տարակարծությունները վերաբերում են Արցախի կարգավիճակի և ապագայի հետ կապված տեսլականներին. եթե ՀՀ իշխանությունները և ԱՀ նախագահը ավելի հակված են Ադրբեջանի հետ ինտեգրացիոն գործընթացների հետ կապված դիսկուրսին, ապա Վարդանյանը կարծում է, որ դա աստիճանաբար կբերի խնդրի «թաղման», Արցախի սուբյեկտայնության բացարձակ վերացման ու հայաթափման:

Ըստ այդմ, փաստացի, Արցախում ներկայում երկբևեռ իշխանություն է, որի մի կողմում Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի «ինտեգրացիոն» սկզբունքների հետ համակարծիք պաշտոնյաներ են, մյուս կողմում՝ Ռուբեն Վարդանյանի «սուբյեկտայնական» սկզբունքների կողմնակիցները: Սակայն, հաշվի առնելով այս պահին ստեղծված վիճակը, Արցախի շրջափակված լինելը, «կողմերը» զերծ են մնում մթնոլորտն էլ ավելի շիկացնելուց: Ինչ վերաբերում է Արցախի բնակչությանը, ապա, մեր աղբյուրների փոխանցմամբ, անցկացված հարցումները ցույց են տալիս, որ 90 տոկոսից ավելին ոչ մի կերպ չի պատկերացնում Արցախը Ադրբեջանի կազմում:

Հիշեցնենք, որ վերջերս էլ «Գելլափն» էր հարցում անցկացրել հայաստանցիների շրջանում, և մասնավորաբար «Ձեզ համար ընդունելի՞ է արդյոք Արցախի բնակչությանը ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում» հարցին բացասական է պատասխանել հարցվածների 95 տոկոսը»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս