ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԻՄԱՆԱԼ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԺԱՄԱՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ տանը, դրսում, մետրոյում կամ մեքենայում գտնվելիս։

 

Պետք է հետեւել հետեւյալ կանոններին.

Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք

ա. Եթե բարձրահարկ շենքի 1-ին եւ 2-րդ հարկերում եք, աշխատե՛ք անհապաղ դուրս գալ շենքից, հեռացե՛ք դեպի բաց տարածություն:

բ. Եթե գտնվում եք 3-րդ եւ ավելի բարձր հարկերում, շենքից դուրս մի՛ եկեք. աստիճաններն ու սանդղակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով, վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։ Բացի դրանից, առաջին հերթին սովորաբար փլվում են աստիճաններն ու սանդղակավանդակները։

գ. Կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի, նրանցով կազմված անկյունների, այդ իսկ պատերում դռան բացվածքների եւ հենասյուների մոտ՝ գլխավերեւում պահելով աթոռ, պայուսակ կամ այլ համապատասխան իր վերեւից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաեւ մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ:

դ. Պատուհաններից եւ շենքի արտաքին պատերից հեռո՛ւ մնացեք փշրվող առարկաներից չվնասվելու համար. դրանք փլվում են առաջին հերթին:

ե. Զգուշացե՛ք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից, սառնարաններից, որոնք կարող են տեղաշարժվել եւ շրջվել:

զ. Ցնցումների ավարտից հետո փորձե՛ք դուրս գալ շենքից նախապես որոշված ճանապարհով:

է. Շենքից դուրս գալիս զգուշացե՛ք ընկնող բեկորներից, կոտրատված ապակիներից, կտրված էլեկտրալարերից:

ը. Փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել, այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործե՛ք թաշկինակ, գլխաշոր կամ հագուստից պոկված մի կտոր։

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում

ա. Հեռացե՛ք շենքից, կամուրջներից եւ էլեկտրասյուներից դեպի անվտանգ տարածություն:

բ. Երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար. դա շատ վտանգավոր է։ Մնացե՛ք դրսում, միաժամանակ փնտրե՛ք նրանց օգնելու տարբերակներ։

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում

Երբ սկսվում է ուժեղ երկրաշարժը, դուք չեք կարող տիրապետել ղեկը։ Տպավորությունն այնպես է, կարծես թողել է մեքենայի անիվը։ Այդ ընթացքում որպեսզի համոզվեք, որ դուք չեք հարվածել որեւէ այլ մեքենայի, կամ էլ ձեզ չեն հարվածել, դանդաղեցրե՛ք ավտոմեքենայի ընթացքը եւ շարժվե՛ք ճանապարհի աջ կողմով։ Կա՛նգ առեք համեմատաբար բաց տարածությունում՝ կամուրջներից, բարձրահարկերից եւ էլեկտրասյուներից հեռու։ Մնացե՛ք մեքենայում, հետեւե՛ք մեքենայի ռադիոընդունիչով տրվող տեղեկատվությանը եւ գործե՛ք համաձայն դրա։

Բոլոր մեքենաների մուտքը դեպի աղետի գոտի խստիվ արգելվում է, բացի մասնագիտացված տեխնիկայից, փրկարարական ջոկատներից, հրշեջ խմբերից եւ շտապ օգնությունից։

Եթե մետրոյում եք

Եթե մետրոն ռմբակոծության ժամանակ ապահով ապաստարան է, ապա ուժեղ երկրաշարժի դեպքում այն նույնքան վտանգավոր է։

Այդ դեպքում՝

ա. Խուճապի մի՛ մատնվեք եւ առաջահերթ ապահովե՛ք ձեր անվտանգությունը:

բ. Ցնցման ժամանակ ամուր բռնվե՛ք որեւէ առարկայից, օրինակ՝ ուղեբեռի դարակից եւ երկաթե ձողերից այնպես, որ չընկնեք:

գ. 5-բալանոց երկրաշարժի ժամանակ հոսանքը կանջատվի, գնացքը ժամանակավորապես կկանգնի, մետրոյի կանգառում ինքնաբերաբար կմիանան վթարային լամպերը:

դ. Դեպի ելքերը գնալը վտանգավոր է եւ կարող է խուճապ առաջացնել։

Հետեւե՛ք կայարանի՝ բարձրախոսով տրվող ցուցումներին։

Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից

ա. Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից, չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել)։ Օգտվե՛ք միայն գրպանի լապտերից։

բ. Հագնվելու վրա ժամանակ մի՛ վատնեք, արագ վերցրե՛ք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը, գործե՛ք՝ բաժնի նախորդ կետերում նշված կանոնների համաձայն:

Հիշեցնենք՝ երեկ՝ վաղ առավոտյան, Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, 7,7 մագնիտուդ ուժգնությամբ եւս մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել, որը, ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ամենասարսափելի աղետն է 1939 թվականից ի վեր:

Փետրվարի 6-ի դրությամբ փլուզվել է ավելի քան երկու հազար շենք, 1000-ից ավելի մարդ է մահացել, հինգ հազարից ավելին՝ վիրավորվել։

Թուրքիայում գրանցված երկրորդ ուժգին երկրաշարժը զգացվել է նաեւ ՀՀ տարածքում:

 

 

 

 

ԱՊՕՐԻՆԻ ՎԱՃԱՌՔ՝ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների եւ վիտամինների ապօրինի իրացման դեպք:

 

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն ստացվել էին տեղեկություններ, որ Երեւան քաղաքի բնակիչ Մ. Ս.-ն «Ամազոն» համացանցային կայքի միջոցով ձեռք է բերում դեղանման ապրանքատեսակներ, դրանք գովազդում եւ իրացնում է ֆեյսբուքյան էջի միջոցով: Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շրջանակում հեռախոսազանգի միջոցով տվյալ քաղաքացու հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ գովազդվող ապրանքատեսակների ձեռք բերման վերաբերյալ: Նախօրոք պայմանավորված վայրում Մ. Ս.-ն երկու դեպքով Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներին կանխիկ դրամով վաճառել է ընդհանուր 45.000 դրամի դեղանման՝ «Ադվիլ-իբուպրոֆեն» «Վիտամին D3», «Նեւրոբալանս, ցինկ, մագնեզիում եւ վիտամին B6» տեսակի ապրանքատեսակներ:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին չունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար պետական գրանցում, հաշվառված չէ հարկային մարմնում:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ գնված ապրանքատեսակներից «Ադվիլ-իբուպրոֆեն» տեսակի հաբերը հանդիսանում է դեղամիջոց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաեւ, որ քաղաքացին իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, այդ թվում՝ դեղամիջոցի վաճառք: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի հատկանիշներով կազմված արձանագրությունն ուղարկվել է Կոմիտեի իրավաբանական վարչություն վարչական վարույթ իրականացնելու համար:

Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար:

Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով կասկածելի ծագում ունեցող, առողջության համար հնարավոր վտանգ ներկայացնող դեղեր եւ վիտամիններ ձեռք բերելուց:

 

 

 

 

ԳՈՐԾԱՎԱՐԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Է

 

Հայաստանի Ազգային ժողովի ինտելեկտուալ եւ քաղաքական նշաձողը օրեցօր իջնում է: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անկիրթ կամ թերուս պատգամավորների մղում է նաեւ դիվանագիտական դաշտ:

ԱԺ խորհրդի երեկվա նիստում ներառված են ԱԺ բարեկամական խմբերի անդամների փոփոխություններ, ըստ որոնց՝

Հայաստան-Սինգապուր բարեկամական խմբում ԿԸՀ գործուղված Վահագն Հովակիմյանին կփոխարինի Գայանե Եղիազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից եւ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբում դատավոր դարձած Արթուր Դավթյանին դարձյալ կփոխարինի Գայանե Եղիազարյանը: Գայանե Եղիազարյանն այն պատգամավորն է, որ 18 տարեկանից աշխատում է.  համաձայն նրա կենսագրության՝ չի կրթվել երբեւէ: «Ծնվել է 1975թ. հոկտեմբերի 11-ին Երեւանում: 1993-1994թթ. աշխատել է Երեւանի հաստոցաշինական գործարանի բնական քարերի արտադրամասի որակի պատասխանատու, 1997-2000թթ.՝ «Նարեկ» լիակատար տնտեսական ընկերակցության որակի պատասխանատու, 2000-2003թթ.՝ «Նարեկ Տոպազ» ՍՊԸ որակի պատասխանատու, 2016-2018թթ.՝ «Տուր Ըդվայս» տուրիստական գործակալության տնտեսական բաժնի պատասխանատու: 2015 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, եւ 2018-2020թթ.՝ ՔՊ վերադարձի հիմնադրամի Աջափնյակի գրասենյակի գործավար: 2020-2022թթ. ՔՊԿ Աջափնյակի տարածքային կառույցի գործավար է: 2018-2022թթ.՝ Երեւանի ավագանու անդամ է («Իմ քայլը» դաշինք), 2022-ից՝ ԱԺ պատգամավոր: Ահա նա պետք է զարգացնի խորհրդարանական կապերը Ֆրանսիայի, Ճապոնիայի եւ Սինգապուրի հետ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 




Լրահոս