Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է IELTS /International English Language Testing System/ պաշտոնական քննական կենտրոն, որը երկրորդն է ՀՀ-ում Բրիտանական խորհրդի կենտրոնից հետո։
Կենտրոնը ներառում է երկու քննական սենյակներ՝ 24 և 16 համակարգիչներով, որոնք տրամադրել է Team Telecom Armenia ընկերությունը։
Ողջունելով ներկաներին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը՝ նշեց․ «Բրիտանական խորհրդի հետ երկարատև աշխատանքի արդյունքում այսօր
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվում է IELTS պաշտոնական քննական կենտրոն։ Այս քննական կենտրոնը
Պոլիտեխնիկական համալսարանի համար նոր հնարավորություն է ստեղծելու մասնագիտական և ուսանողական համայնքի անգլերեն լեզվի
գիտելիքների լավացման և խորացման առումով»։
Ռեկտորը իր շնորհակալանքի խոսքն ուղղեց նաև Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ
Եսայանին՝ մշտապես բուհի կողքին լինելու համար։
«Բոլոր այն դեպքերում, երբ լինում է նոր նախաձեռնություն, որը հնարավորություն է ստեղծելու համալսարանում նոր արժեք գեներացնել, թե՛ կրթական, թե՛ նոր ֆինանսական հոսքեր ապահովելու իմաստով, Team Telecom Armenia ընկերությունը աջակցում է բուհին»,-նշեց Գոռ
Վարդանյանը։ Նա հույս հայտնեց, որ նմանօրինակ համագործակցությունները շարունակական բնույթ են կրելու։
IELTS թեստավորման համակարգը աշխարհում ամենատարածված անգլերենի թեստն է բարձրագույն կրթության և գլոբալ միգրացիայի համար։
Այն աշխարհում անգլերենի երկու հիմնական թեստերից մեկն է, մյուսը TOEFL-ն է: IELTS-ը գնահատում է անգլերենի բոլոր հմտությունները՝ կարդալ, գրել, լսել և խոսել։
Ըստ Team Telecom Armenia ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի տեխնիկական կրթություն ստանալու և զարգացում ապահովելու համար անգլերեն լեզու իմանալը պարտադիր, բայց ոչ բավարար պայման է։ «Այսօր Պոլիտեխնիկը պատրաստ է բարձր որակավորման քննություններ ընդունել՝ տալով նոր մասնագիտական հաջողությունների հասնելու հնարավություն։ Մեզ համար առաջնահերթություն է կրթական ծրագրերին ու նախաձեռնություններին աջակցելը», -նշեց նա։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը նշեց, որ հպարտ է բրիտանական կրթական համակարգով, որն
աշխարհում լավագույններից է։ «Անգլերենը ընդունված լեզու է աշխարհում, նաև գիտության ոլորտում, այդ թվում՝ տեղեկատվական
տեխնոլոգիաների։ Կենտրոնի բացմամբ մենք աջակցում ենք հայ ուսանողներին մուտք գործել բրիտանական կրթական համակարգ։ Սա լավ
միջոց է աջակցել այն ուսանողներին, որոնք ուզում են զարգացնել լեզվական հմտությունները, օգտվել բրիտանական կրթական համակարգի
առավելություններից»,-նշեց դեսպանը։
ՀԱՊՀ-ի IELTS պաշտոնական քննական կենտրոնը կընդունի IELTS թեստ հանձնողների ամբողջ աշխարհից ադեն մարտ ամսին։