ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻՑ ՄԵԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի եւ այլ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

 

ԱԱԾ-ից հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակներում կատարված լայնածավալ քննչական եւ վարութային այլ գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է զանգվածային անկարգությունների ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկի ինքնությունը, որը ձերբակալվել է։

Մասնավորապես, Թ. Ա.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի եւ, դրանով պայմանավորված, նույն օրը՝ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու եւ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, տեղեկանալով, որ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ, դրանց ներսում զանգվածային անկարգություններ են կատարվում, դրանց մասնակցելու նպատակով գնացել է Երեւան քաղաքի Դեմիրճյան եւ Պռոշյան փողոցների խաչմերուկ, որտեղ էլ, տեսնելով, որ ավտոմեքենայում խցանման մեջ է գտնվում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, տեղում միացել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ վերջինիս պետական գործունեությունը դադարեցնելու նպատակով, նրան սպանելու դիտավորությամբ այլոց հետ միասին ոտքերով հարվածներ է հասցրել Արարատ Միրզոյանի գլխին եւ մարմնի տարբեր մասերին, ինչի հետեւանքով վերջինիս պատճառվել են դիմային գանգի ոսկրերի բազմակի կոտրվածքներ եւ այլ վնասվածքների ձեւով մարմնական վնասվածքներ, եւ Արարատ Միրզոյանը կորցրել է գիտակցությունը:

Թ. Ա.-ի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ Արարատ Միրզոյանի անվտանգությունն ապահովող ՀՀ ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցների միջամտության արդյունքում վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ ստացել համապատասխան բուժօգնություն։

Թ. Ա.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, եւ միջնորդություն է ներկայացվել դատարան վերջինիս նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, որը բավարարվել է։

Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն եւ տարաբնույթ օպերատիվ-հետախուզական եւ քննչական ու վարութային այլ գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու եւ արդյունքում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ։

 

 

 

ԳՈՐԾԱՐՔ՝ ԿԵՂԾ  ԹՂԹԱԴՐԱՄՈՎ

Փետրվարի 21-ին՝ ժամը 04:15-ին, Գյումրու Երեւանյան խճուղու բենզալցակայանի լիցքավորողը հաղորդում էր տվել, որ ժամը 03:25-ի սահմաններում անծանոթ տղամարդը «Մերսեդես» մակնիշի իր մեքենան 5000 դրամի բենզին էր լիցքավորել, ապա ստանալով 20.000 դրամի մանրը՝ հեռացել էր: Ինքը հետո նկատել էր, որ 20.000 դրամը կեղծ է:

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 19:10-ին Արթիկ քաղաքի Գորկու փողոցում հայտնաբերել, ձերբակալել եւ ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել Անուշավան գյուղի 29-ամյա բնակչին, նաեւ բաժին են հրավիրել Հոռոմ գյուղի 17-ամյա մի բնակչի: Բաժնում 29-ամյա երիտասարդը խոստովանել է, որ 20.000 կեղծ թղթադրամը բենզալցակայանում ինքն է իրացրել:

Կազմված փաստաթղթերը եւ երիտասարդները ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Կատարվում է նախաքննություն:

 

 

 

ԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ

Ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում տված կինը հայտնել էր, որ փետրվարի 19-ին Տոլորս գյուղի իր տան դռան կողպեքի օղակը հանել, մտել էին ներս եւ գողացել գազի բալոն ու պայուսակ, որի մեջ կային փաստաթղթեր ու փող:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը, կատարել անհրաժեշտ գործողություններ:

Սիսիանի քրեական հետախույզների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեց հավաստի տեղեկություն, որ գողությունն արել էր Սիսիան քաղաքի 41-ամյա բնակիչը:

Նա փետրվարի 20-ին հայտնաբերվեց եւ ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմին, որտեղ խոստովանեց արարքը:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

 

 

 

ՏՆՕՐԵՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունից մոտ 7 ամիս անց ձերբակալվել է առեւտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան: ArmLur.am-ի տեղեկությունը  հաստատել են Գլխավոր դատախազությունից. թե ինչի համար է մեղադրվում տնօրենը, դեռ չեն մանրամասնում:

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում 2022թ.-ի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունը 16 մարդու կյանք է խլել:

Պայթյունի հետեւանքով 60-ից ավելի քաղաքացիներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: Քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ՝ առեւտրի կենտրոնի վարձակալներն ու փոխտնօրենը: Փոխտնօրենն ու պահեստի վարձակալը մեղադրվում են Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք (ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Պահեստը շահագործողները մեղադրվում են անզգուշությամբ երկու կամ ավելի անձի կյանքից զրկելու համար (ՀՀ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մաս):

 

 

 

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 29-րդ հայցադիմումը:

Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲ ընկերության տնօրեն Վ.Հ.-ից եւ վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

Մ չորս անշարժ գույք, որոնցից երեքը՝ Երեւան քաղաքում, մեկը՝ Կոտայքի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ 324 միլիոն 452 հազար 500 դրամ, մեկ շարժական գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, մեկ իրավաբանական անձում մասնակցության իրավունք,

Մ 17 մլն 771 հազար 372 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ անհնար է նույնականացնել եւ բռնագանձել,

Մ 107 մլն դրամ եւ 140 հազար ԱՄՆ դոլար ներդրված ավանդ,

Մ 27 մլն 435 հազար 443 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների եւ միջոցների մնացորդ։

 




Լրահոս