Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում երեկ թիրախավորել և կրակ է բացել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է արցախցի երեք ոստիկան, մեկը` վիրավորվել է։ Հակառակորդը ևս ունի զոհեր և վիրավորներ:
ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը մանրամասներ է հայտնում միջադեպից:
Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհված ոստիկանները անձնագրային բաժնից էին, հասարակ և պարկեշտ մարդիկ էին, ինչ վերաբերվում է վիրավորված ոստիկանին, Բաբայանն ասաց, որ վերջինս բժիշկների հսկողության տակ է:
Արցախի նախագահի խորհրդականը պատմեց նաև, որ այն հատվածը, որտեղ ադրբեջանցիները սադրանքի են դիմել, շատ մոտ է մայրաքաղաք Ստեփանակերտին. «Ստեփանակերտն արդեն դարձել է սահմանամերձ: Ակնհայտ է նաև, որ սադրանքները լինելու են շարունակական»,-ասում է Դավիթ Բաբայանը:
Քրիստինա Մուշեղյան