ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը  2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը հետագայում կարճվել է: Իսկ ինչի՞ մասին է խոսքը. 2017 թվականի նոյեմբերի 28-ին Արթուր Հովհաննիսյանը իր Nissan March մակնիշի ավտոմեքենայով, եւ նրա ուղեւոր, Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ Գեւորգ Սավթալյանը բերման են ենթարկվել ոստիկանություն, իսկ նրանց մոտ, ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, խուզարկությամբ հայտնաբերվել է 0.24 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը  փետրվարի 14-ին դիմել էր ՀՀ ներքին գործերի նախարարության լրատվության վարչություն եւ հարց ուղղել, թե վերոնշյալ գործը ինչ հանգուցալուծում է ստացել, եւ արդյոք մեղադրանք առաջադրված է եղել Արթուր Հովհաննիսյանին, թե ոչ: Փետրվարի 20-ին Ներքին գործերի նախարարությունից ստացել ենք պատասխան, որում ասվում է. «28.11.2017թ.-ին Ա. Հ.-ին եւ Գ. Ս.-ն ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Քանաքեո-Զեյթունի բաժին։ 05.12.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով): հարուցվել է  քրեական գործ, եւ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին»: Այս նույն հարցով դիմեցինք նաեւ Քննչական կոմիտե, որից էլ ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Քրեական գործով որեւէ անձ քրեական պատասխանատվության չի ենթարկվել, իսկ իրականացված բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության արդյունքում 2018 թվականի հունվարի 31-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ կետի՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործով վարույթը կարճելու մասին»: Գերատեսչությունների պատասխաններից անհայտ է մնում, թե ինչու է որոշվել գործը կարճել, սակայն փաստ է մեկ բան, որ նա բերման է ենթարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով (իրացում, վաճառք, օգտագործում): «Ժողովուրդ» օրաթերթը եւս մեկ հարցում է ուղարկել՝ փորձելով հասկանալ, թե ինչն է դարձել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ թմրամիջոցերի ապօրինի շրջանառության գործը կարճելու որոշման հիմքը: Շարունակելի…

 

 

 

 

ՔՊ-ականները որոշել են ամեն երեքշաբթի վարչության նիստ անել: Նիստերին մասնակցելու է նաեւ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը: Վարչության անդամներին նախապես ասվել է, որ այդ օրերին՝ երեկոյան ժամերին, հետաձգեն բոլոր իրենց գործերը, որպեսզի առանց  բացառության բոլորը ներկա լինեն նիստերին: ՔՊ-ականները նման որոշում են կայացրել՝ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը հաշվի առնելով: Բանն այն է, որ ՔՊ-ում էլ շատ լավ գիտակցում են պահի լրջությունը, հասկանում են, որ Հայաստանն ու Արցախը փակուղում են, «մանեւրելու» տեղ այլեւս չունենք: Իր վերջին ասուլիսի ժամանակ էլ Փաշինյանը չթաքցրեց, որ բանակցությունները փակուղի են մտել, Ադրբեջանը հրաժարվում է մինչ այս ստանձնած իր պարտավորություններից, ավելին՝ գնալով մեծացնում է իր պահանջները, տարածքային նկրտումները ոչ միայն Արցախի, այլեւ արդեն Հայաստանի տարածքի նկատմամբ: Խոսքը, ամենայն հավանականությամբ, հենց Սյունիքով միջանցքի մասին է: ՔՊ-ականները պարբերաբար ակնարկում են, որ հիմա բանակցային դաշտում  ողջ ջանքերը ուղղված են Սյունիքը պահելուն, իսկ Արցախի հարցը թողել են բախտի քմահաճույքին, կամ ինչպես իրենք են ասում, «Արցախի ժողովուրդը եւ ղեկավարությունը իրենք հենց պետք է որոշեն իրենց ճակատագիրը»: Բացի սա, լարված է նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքը. պարբերաբար ՔՊ-ականների կոռուպցիոն «հերոսությունների» մասին նոր տեղեկություններ են ջրի երես դուրս գալիս, ինչի արդյունքում ՔՊ-ն հայտնվում է մամուլի ու հասարակության քննադատության կիզակետում: Այս ամենը հաշվի առնելով՝ ՔՊ-ականները որոշել են ամեն շաբաթ հանդիպել, որպեսզի վարչապետից տեղեկանան արտաքին զարգացումների մասին, ինչպես նաեւ քննարկեն իրենք հետագա անելիքները:

 

 

 

 

«Ժողովուրդ»  օրաթերթի տեղեկությունների համաձայն՝  իրավապահ  համակարգն առողջապահության նախկին  նախարար, ՔՊ  խմբակցության  պատգամավոր Արսեն Թորոսյանի գործունեության մասով շրջանակն  ընդլայնում է։ Գործը հասնում  է «Սուրբ  Գրիգոր  Լուսավորիչ»  հիվանդանոցին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական  մարմինը հարցաքննության է  հրավիրել «Սուրբ Գրիգոր  Լուսավորիչ» ԲԿ-ի  տնօրեն Արման Հովակիմյանին եւ երկու անգամ բավականին երկար պահել նրան նախաքննական  մարմնում: «ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների  համաձայն՝ հարցաքննվել են նաեւ բժշկական կենտրոնի  աշխատակիցներ, ու չի  բացառվում, որ առաջիկայում «Գրիգոր  Լուսավորիչ»  ԲԿ-ից ձերբակալություններ լինեն: Նշենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն  պետական եզակի բժշկական կենտրոններից է, որը 2020-ի ապրիլից գործել է որպես բացառապես քովիդ-կենտրոն:

 

 

 

«Ժողովուրդ»  օրաթերթի  տեղեկությունների  համաձայն՝ ՀՀ բանակային կորպուսի նախկին հրամանատար Արտակ  Բուդաղյանը  նշանակվել է ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով սպա: Նա կլինի բոլոր զորամասերին համապատասխան հանձնարարականներ տվողը: Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Արտակ Բուդաղյանն ազատվել էր բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ ArmLur.am-ը փետրվարի 2-ին գրել էր, որ Արտակ Բուդաղյանին Պաշտպանության նախարարությունում լուրջ պաշտոն են առաջարկել, եւ առաջիկայում նրա նշանակումը կլինի, եւ, ահա, նրա նշանակումը  եղել է:

 




Լրահոս