«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջերս ներկայացրել էր այն զինվորականների և բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք, իր կարծիքով, վախենում են գալ ԱԺ ու մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին:
Այդ անձանց շարքում էին Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։
Այս առիթով ArmLur.am-ը զրուցել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը:
-Պարո’ն Խաչատրյան, Անդրանիկ Քոչարյանը վերջերս հայտարարեց, որ կան զինվորակներ, ովքեր չեն գալիս քննիչ հանձնաժողով, քանի որ վախենում եք, թաքցնելու բան ունեն: Դուք ևս նրանց թվում էիք:
Ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարություներին, ինչու՞ չեք գնում քննիչ հանձնաժողով:
-Ես հրավեր չեմ ստացել, բայց եթե հրավեր ստանամ էլ, այդ հանձնաժողով չեմ գնալու: Մի անգամ հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ, եթե վստահ լինեմ, որ կլինի անկողմնակալ, արդար քննություն, միայն այդ դեպքում կգնամ: Ես էլ եմ հետաքրքրված, ավելին՝ անհանգստացած այդ ամեն ինչում, որ պատերազմի հանգամանքները քննվեն:
-Այսինքն կարծում եք, որ այդ հանձնաժողովն արդար քննություն չի իրականացնի, դրա համա՞ր եք հրաժարվում մասնակցել դրա աշխատանքներին:
-Ոչ թե կարծում եմ, այլ՝ համոզված եմ, չի կարող արդար քննություն լինել, դրա համար էլ չեմ գնալու:
-Պարո՛ն Խաչատրյան, վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ բանակում 5-րդ շարասյուն է գործել, դրա համար էլ պարտվել ենք 44-պատերազմը: Ձեզ համար հասկանալի՞ էր՝ ում նկատի ուներ Փաշինյանը՝ 5-րդ շարասյուն ասելով, բանակում եղե՞լ է իսկապես 5-րդ շարասյուն:
-Չգիտեմ՝ ում է նկատի ունեցել: Փաշինյանը լիքը բաներ է ասել, իր ո՞ր ասածն է ճշմարտություն եղել:
Քրիստինա Մուշեղյան