ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարտի 27-ին շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկում է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ՞Գոյ՞ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակա թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնել վերակազմակերպելու տարբերակով: Հիմնավորման մեջ նշվում է, թե նպատակներից մեկը «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծագործական ներուժը առավել արդյունավետ և նպատակային օգտագործելն է:
Հիմնավորման մեջ նշվում է, թե այսպես «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի թատերախումբը հնարավորություն կունենա իր ստեղծագործական նպատակներն իրագործելու համար լիարժեքորեն օգտվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքային (մեծ բեմ, Black box), գույքային և նյութատեխնիկական հնարավորություններից, գովազդատեղեկատվական արշավների նախատեսված մասնագիտական-կադրային և ֆինանսական հնարավորություններից:
Սրանով կլուծվի նաև դերասանական խումբն առավել լայն ստեղծագործական հարաբերություններում ներգրավելու հարցը, կխթանվեն փոխադարձ ստեղծագործական շփումները, կստեղծվի հնարավորություն տարբեր ռեժիսորական ձեռագրերի հետ առնչվելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերջին տարիներին ակտիվորեն ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները, իրականացնում է տարաբնույթ կրթական-մշակութային ծրագրեր, ցուցահանդեսներ, ընդլայնում է խաղացանկը, նախաձեռնում փառատոներ, և այս ամենն ընդլայնում է նաև ստեղծագործական հնարավորությունները:
Բանն այն է, որ ներկայում «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ գործում են նույն ենթակառուցվածքային համակարգում (շինություն, կոմունալ հանգույցներ և այլն):
Փաստացի, առանց մասնագիտական և հանրային քննարկման, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին պատկանող շենքի տարբեր հարկերից, տարբեր չափերի տարածքներ առանձնացվել են և տրվել «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Այս ամենին զուգահեռ, կադաստրային տարածքի և փաստացի զբաղեցրած տարածքների մեջ նույնպես առկա են տարբերություններ։ Այս ամենն առաջացնում է լոգիստիկ բազմաթիվ խնդիրներ։
«Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ողջ գոյության ընթացքում կոմունալ բոլոր ծախսերը հոգացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։ Մոտավոր հաշվարկով՝ յուրաքանչյուր տարի 3.5-4 միլիոն դրամ։
«Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերջին տարիների հաշվետվությունները ցույց են տալիս, որ ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների թերակատարումը ձեռք է բերել պարբերական բնույթ:
Սակայն ամեն դեպքում նկատենք, որ «Գոյ» թատրոնի անձնակազմը դեմ է այս նախագծին և ցանկանում են իրենց գործունեությունը շարունակել առանձին:
Ն.Հ.