«Գոյ» թատրոնը չպետք է փակվի, այն մեր քաղաքի վառ գույներից մեկն է. Երվանդ Թարվերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոր վրդովմունքով եմ հետևում մեր քաղաքի յուրատիպ ձեռագիր ունեցող մշակութային օջախներից մեկի՝ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն «Գոյ» թատրոնի փակման մասին ամենաբարձր մակարդակով խոսակցություններին։ Այն իմ սերնդի ամենասիրելի վայրերից մեկն է, Անկախության շրջանում բացված առաջին թատրոնը, և 35-ամյա կենսագրությամբ այս վառ հարթակը ոչ մի դեպքում չի կարելի փակել։

Եթե թատրոնի փակման, միավորման, վերակազմակերպման, մի խոսքով՝ լուծարման իրական պատճառն այն է, որ թատրոնը վերջին շրջանում քաղաքական թեմատիկայով քննադատական ներկայացումներ է բեմադրել, ինչպես Օրուելի «Անասնաֆերման», Քամյուի «Օտարը», վերջերս էլ՝ «Գարեգին Նժդեհ՝ իրական առասպելը», դա ամոթ և խարան է այդ որոշումը կայացրած իշխանավորների ճակատին։

Ինչպե՞ս կարող է ստեղծագործական ազատությունից անվերջ խոսող իշխանությունը քաղաքական դրդապատճառներով թատրոն փակել։

Թատրոնը կրպակ կամ խանութ չէ, որ կամայական որոշման կամ եկամուտների անբարարար լինելու հիմքով փակես, այն պետք է վայելի պետության լիակատար աջակցությունը։

Թատրոնը, թատերախումբը, ստեղծագործական լաբորատորիան տասնամյակների ընթացքում կայացող, ձևավորվող, իրենց ինքնատիպությունն ընդգծող երևույթներ են, և առանձնահատուկ ձեռագիր ու արտահայտչաոճ ունեցող այս թատրոնը հենց այդպիսին է, որին որևէ հիմնավորմամբ չի կարելի զրկել իր բնական ընթացքից։

Իմ անվերապահ զորակցությունն եմ հայտնում թատրոնի ամբողջ ստեղծագործական և վարչական անձնակազմին, թատերասեր հանդիսատեսին, և առավել քան վստահ եմ, որ հանրային ճնշման միջոցով հնարավոր կլինի հասնել ԿԳՄՍ այս անհիմն որոշման չեղարկմանը կամ վերանայմանը։ Ամեն դեպքում, ես կանեմ իր ուժերի ներածը՝ թատրոնի բնականոն կյանքը շարունակելու համար։

«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյան




Լրահոս