Հրավիրյալներին լսել է պետք. քննիչ հանձնաժողովի ժամկետը կերկարաձգվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որ նաև հանդիսանում է «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը, առաջարկում է ևս մեկ անգամ երկարաձգել այդ հանձնաժողովի գործունեությունը: Համապատասխան նախագաիծն արդեն դրվել է շրջանառության մեջ:

Մասնավորապես, նա առաջարկում է գործունեության ժամկետը երկարաձգել ևս վեց ամսով: Որպես հիմնավորում նշվում է. «Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը տարբեր գերատեսչություններից պահանջել և ստացել է բազմաքանակ փաստաթղթեր, որոնք մանրամասն ուսումնասիրելուց հետո անցել է հրավիրյալներին լսելու փուլին»:

Նշենք, որ այս հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարի 10-ին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետն արդեն մեկ անգամ երկարաձգվել է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի որոշմամբ:

Այդ օրը քննարկումների ժամանակ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ մարտ ամսին հանձնաժողովի կողմից մշակվել եւ քննարկումներից հետո մարտի 30-ին Պաշտպանության նախարարության կողմից ներկայացվել է 16 կետից բաղկացած առանցքային փաստաթղթերի ցանկը:

Նշված ցանկի համաձայն՝ նախարարությունը շուրջ 2 ամիս ձեւավորել է պահանջվող փաստաթղթերի փաթեթի մի մասը եւ ներկայացրել հանձնաժողովի  ուսումնասիրմանը: Այն ներառում է շուրջ 3.500 նմուշի տեքստային եւ գրաֆիկական փաստաթղթեր, ընդհանուր 10.000-ից ավելի էջի ծավալով, որը դեռ վերջնական չէ: Եվ հենց այդ պատճառով էին նրանք որոշել կրկին երկարաձգել քննիչ հանձնաժողվոի գործունեության ժամկետը:

Հավելենք, որ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի հոդված 20-ի համաձայն, Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամիս է, որը կարող է երկու անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչև վեցական ամսով: Այսինքն, սա վերջին անգամ է, որ ժամկետը երկարաձգվում է և այլևս նման իրավունք չի լինի:

Ն.Հ.




Լրահոս