ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտի 1-ի գործով վճիռներն ապօրինի՞ են, թե՞ ոչ. հարց գլխավոր դատախազին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը երեկ խորհրդարանում հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:

«Տիկի՛ն դատախազ, Դուք աշխատել եք ՀՀ վճռաբեկ դատարանում 2007 թվականից: 2008-2009 թվականներին Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի եւ «Մարտի 1»-ի գործով անցնող մյուսների վերաբերյալ քրեական գործերի վճիռները կայացվել են մոտավոր հենց այդ ժամանակում: Կխնդրեմ ասել՝ օրինակա՞ն էին այդ դատավճիռները, թե՞ ոչ՝ իբրեւ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական եւ օգնական»: Սակայն ՀՀ գլխավոր դատախազը Թագուհի Թովմասյանի այս եւ մյուս հարցերը համարեց հարցի քննարկմանը ոչ վերաբերելի (քննարկվում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին հարցը): Նա հայտարարեց, թե, որպես իրավաբան, դատական ակտերը քննարկելու իրավունք չունի:

Այսպիսով, գլխավոր դատախազը խուսափեց հստակ պատասխանել՝ այո կամ ոչ: Մինչդեռ եթե հարցին պատասխան տրվեր՝ այո, ապա պարզ կլիներ, որ իսկապես ապօրինություններ են եղել: Բանն այն է, որ դատավորների օգնականները հիմնականում նախագծում են կայացվելիք որոշումների եւ վճիռների նախագծերը, եւ Աննա Վարդապետյանը չէր կարող գոնե չիմանալ, թե ինչ վճիռներ են կայացվել քանի որ եղել է օգնական: Իսկ եթե Աննա Վարդապետյանը պատասխաներ, որ ապօրինություն չկա, ամեն ինչ օրինական է եղել, նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես հանցագորություն է իրականացրել, ապօրինի հավաքներ է կազմակերպել, սադրել է եւ չի եղել քաղբանտարկյալ:

Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչպես է Վարդապետյանը աշխատել որպես Նիկոլ Փաշինյանի օգնական՝ նրան համարելով հանցագործ: Ահա սա էր պատճառը, որ դատախազը խուսափեց ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան տալ՝ ասելով, թե կայացված ակտերի մասով կարծիք հայտնելու իրավունք չունի: Բայց, միեւնույնն է, Թագուհի Թովմասյանի կողմից հնչած հարցերին՝ ապօրինի են եղել 2008-ի արյունալի դեպքերի վճիռները, թե ոչ, ՀՀ գլխավոր դատախազը պետք է ի վերջո պատասխանի։

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով կայացված շատ դատավճիռներ կա՛մ արդարացվել են, կա՛մ Եվրադատարանով «կոտրվել»:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս