ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնում տեղի ունեցած առերեւույթ կոռուպցիոն հանցագործության դեպքի առթիվ 2021թ. ապրիլի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով՝ հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Հ.Տ.-ն բաժնի ավագ մասնագետից ընդունել է մարզի մի բնակչուհու աշխատանքային ստաժը վերահաշվարկելու, նրան նշանակված կենսաթոշակի վերահաշվարկման եւ դրա տեսակը աշխատանքային հաշմանդամության կենսաթոշակի փոխելու առաջարկը: Այնուհետեւ բաժնի պետի եւ աշխատակցի կողմից քաղաքացու վերաբերյալ կազմվել եւ հանձնվել են ավել աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր։ Դրա համար, նախնական համաձայնությամբ, 2021թ. մարտի 30-ին բաժնի պետի աշխատասենյակում հիշյալ ավագ մասնագետը Արագածոտնի մարզի բնակչուհու ամուսնուց՝ 57-ամյա տղամարդուց, ստացել է առնվազն 5.000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը նույն օրը փոխանցել է պետին։
Բացի այդ, վերոնշյալ բաժնի նախկին պետը նույն մարզի 46-ամյա բնակչի միջնորդությամբ ընդունել է իրեն կաշառք տալու վերաբերյալ Արագածոտնի մարզի 37-ամյա բնակչի առաջարկը: 2021թ. ապրիլի 7-ին վերջինիս բարեկամուհու տվյալներով 10 տարվա աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատանքային գրքույկ կազմելու եւ հանձնելու համար իր աշխատասենյակում իրենց ընդհանուր ծանոթի՝ հիշյալ 46-ամյա տղամարդու ներկայությամբ 37-ամյա բնակչից պահանջել է 450 ԱՄՆ դոլար կաշառք՝ խոստանալով աշխատանքային գրքույկը կազմել եւ հանձնել մեկ շաբաթից տասը օրվա ընթացքում:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) եւ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կաշառք ստանալու համար (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-ին կետ):
Նույն բաժնի ավագ մասնագետին մեղադրանք է ներկայացվել խմբի կազմում պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու համար:
Արագածոտնի մարզի 57 եւ 37-ամյա բնակիչներին մեղադրանք է ներկայացվել կաշառք տալու (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մաս), իսկ 46-ամյա տղամարդուն՝ կաշառքի միջնորդության համար (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մաս):
Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ 5 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թվականի մարտի 16-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման եւ բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։
22 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ընդհանուր 4,398,587 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 22.000.000 ՀՀ դրամ: Ներկայացվում են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերը:
6 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 11,281,480 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 5,970,740 ՀՀ դրամ: Ներկայացվում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերը։
2 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 34.100.000 ՀՀ դրամ։ Ներկայացվում է լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպք։
ԿԻՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Ապրիլի 1-ին՝ ժամը 06:50-ին, Երեւանի Գարեգին Նժդեհի եւ Ֆրունզեի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ: Վարորդները եւ «Ռենոյի» երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Ռենոյի» 48-ամյա ուղեւորուհի Հասմիկ Սարգսյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն։
ՎՃԻՌՆԵՐ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ
Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մշակել եւ շահագործման է հանձնել արբիտրաժային վճիռներն էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման ներկայացնելու փաստաթղթաշրջանառության հարթակը։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնում են, որ այն հնարավորություն է տալիս գործող արբիտրաժային դատարանների վճիռներն էլեկտրոնային եղանակով ներկայացնել հարկադիր կատարման։ Արդյունքում կատարողական վարույթ հարուցելու, պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու, արգելանքներ կիրառելու եւ բռնագանձում տարածելու գործողություններն այսուհետ չեն իրականացվի դատարանների կողմից տրվող կատարողական թերթերի հիման վրա, այլ կիրականացվեն արբիտրաժային դատարանների կողմից էլեկտրոնային տարբերակով ուղարկված վճիռների հիման վրա ինքնաշխատ եղանակով հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթ հարուցելուց հետո:
Վերոնշյալ վճիռներն այսուհետ չեն մուտքագրվի ծառայության ընդհանուր բաժին, կվերանա դրանց հաշվառման անհրաժեշտությունը, քանի որ ի սկզբանե դրանք համակարգում հասանելի են դառնում էլեկտրոնային եղանակով։
Արդեն իսկ ստացվել են արբիտրաժային դատարանների վճիռները, որոնց հիման վրա հարուցվել են կատարողական վարույթներ։
Հարթակի գործարկմամբ բարձրացվել է նաեւ վճիռների կատարման արդունավետությունը, զգալիորեն կրճատվել է արբիտրաժային դատարանների վճիռների հիման վրա հարուցվող կատարողական վարույթների կատարմանը հատկացվող ժամանակը։ Այս հարթակի գործարկումը միտված է նաեւ թեթեւացնելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական գործեր քննող դատարանների ծանրաբեռվածությունը:
ԿԱՆ ՏՈՒԺԱԾՆԵՐ
Ապրիլի 3-ին՝ ժամը 01:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նվեր Սաֆարյան փողոցում գտնվող գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Պարզվել է, որ Նվեր Սաֆարյան եւ Մարշալ Խուդյակով 4-րդ նրբանցքի խաչմերուկում բախվել են Mitsubishi Pajero եւ Volkswagen Golf (վարորդ՝ Ա. Բ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան եւ փակել են գազի բալոնի փականը։