Գյումրիում ընթացքի մեջ են Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Համալիրն իր հագեցվածությամբ եզակի է լինելու ոչ միայն Գյումրի քաղաքի, այլև ամբողջ Հայաստանի համար: Շինարարությունն իրականացվում է պետական միջոցների հաշվին:
Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը, «Արմենպրես»-ին ներկայացնելով աշխատանքների ընթացքը, կարևորեց, որ ոչ մի խնդիր չկա, ու աշխատանքներն ընթանում են նորմալ:
«Կա ֆինանսավորում, և ոչ մի խնդիր չկա աշխատանքներն ընդհատելու: Այս ընթացքում կատարվել են միայն նախագծային որոշակի փոփոխություններ՝ ավելացել է լողավազանն ու հրաձգարանը: Փոփոխությունների հետ կապված գումարը ևս ավելացել է: Շինարարը աշխատանքներն ավարտելու է 2024 թվականի վերջին, կամ 2025 թվականի սկզբին: Տա Աստված, շուտով ավարտենք այդ աշխատանքներն ու ունենանք մի կառույց, որտեղ կանցկացնենք Եվրոպայի ու աշխարհի առաջնություններ»,-նշեց Վաչագան Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ համալիրը կունենա ինչպես մարզումային, այնպես էլ մրցումային դահլիճներ:
Մրցումային դահլիճները կընդունեն խաղային և մենապայքարային մարզաձևերը, իսկ մարզումային են ըմբշամարտի, ծանրամարտի և ընդհանուր ֆիզիկական պատրաստականության դահլիճները: Համալիրն ունենալու նաև հյուրանոցային մասնաշենք ու սննդի կետ, ինչը թույլ կտա մի շարք ուսումնամարզական հավաքներ անցկացնել տարբեր մարզաձևերից:
Համալիրն ունենալու է նաև բացօթյա խաղադաշտ շուրջ հազար հանդիսականի համար նստատեղով, իսկ դրա շուրջ լինելու են վազքուղիներ: