ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը առանձնահատուկ ընդգծել է ԵԽ-ի հետ գործակցության արդյունքում խորհրդատվական, իրավական, տեխնիկական աջակցության օժանդակ գործիք հանդիսացող ազգային 24/7 կոնտակտային կետի ստեղծումը ՀՀ քննչական կոմիտեում, որը մեծացնում է հատկապես կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների դեմ պայքարում ՀՀ ՔԿ միջազգային համագործակցության հնարավորությունները։
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը ընդգծել է, որ ԵԽ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի իրավապահ համակարգին ցուցաբերվող ինստիտուցիոնալ և գործառնական աջակցությունը՝ ըստ հայկական կողմի կարիքների։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերում ներդրված մարդու իրավունքների պաշտպանության նոր կառուցակարգերը, դրանց կիրառման պրակտիկան, կիբեռհանցագործությունների, փողերի լվացման, կապիտալի ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի և հանրային բարձր վտանգավորություն ունեցող այլ հանցագործությունների դեմ պայքարում քննիչների առավել թիրախային վերապատրաստման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։