Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ:
Հայտարարությամբ ՌԴ ԱԳՆ-ն մասնավորապես նշել է՝ իրենց լուրջ մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև պաշտոնական Երևանի և Բաքվի միջև երկխոսության գործընթացում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Ծայրահեղ մտահոգությամբ ենք արձանագրում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և տարաբնույթ միջադեպերի աճը, որոնց արդյունքում պարբերաբար երկու կողմից զոհեր են լինում։ Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի հանրային տարածքում մեղադրական և ագրեսիվ հռետորաբանության աճը։
Ապրիլի 23-ի վերջին իրադարձությունների զարգացման համատեքստում մենք հատկապես շեշտում ենք ցանկացած միակողմի քայլի անընդունելիությունը, որը խախտում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթները՝ անկախ նրանից, խոսքը Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխության, թե այն խաղաղության օրակարգին չհամապատասխանող նպատակներով օգտագործելու փորձերի մասին է»,-ասված է հայտարարությունում:
ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ է անում անհապաղ վերադառնալ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ռուսական կողմը ելնում է այն նախադրյալից, որ տեղի բնակչությունը չպետք է տուժի և նրանց կենսագործունեության համար խոչընդոտներ չպետք է ստեղծվեն:
Մենք կարծում ենք, որ ծագած խնդիրներից շատերը արդյունք են երկար ամիսների պարապուրդի և բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի հիմնական ուղղություններով՝ այդ թվում տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի ներդաշնակեցման:
Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը քաղաքական կամք կդրսևորեն ու մոտ ապագայում կկարողանան հաղթահարել այդ բացասական միտումը:
Ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել իրեն մտերիմ Ադրբեջանին և Հայաստանին՝ ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ «հողի վրա»՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ։
Մենք նաև զգուշացնում ենք արտաքին արևմտյան խաղացողներին և տեղական ռուսաֆոբ տարրերին, ովքեր աշխատում են իրենց պատեհապաշտ օրակարգով, զերծ մնալ այդ թվում Ռուսաստանի դեմ արշավի միջոցով իրավիճակը սրելու փորձերից»-նշել են ՌԴ ԱԳՆ-ից: