2023թ․ մայիսի 3-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 03-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դիտավորյալ վնասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանների ապակինները անհայտ առարկայի միջոցով՝ իր կարծիքով օդաճնշիչ ատրճանակով։ Արդյունքում կրթահամալիրին պատճառել է գույքային վնաս:
Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում 22 վնասվածք է հայտնաբերվել կրթահամալիրի պատերին և լուսամուտներին։ Դեպքի վայրում հրազենային կրակոցների, մետաղական փամփուշտների հետքեր չեն հայտնաբերվել։
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն։
Քննչական և վարութային գործողություններ են կատարվում պարզելու կատարվածի հանգամանքները, հանցագործության հնարավոր գործիքը, ինչպես նաև՝ հայտնաբերելու առերևույթ հանցագործություն կատարած անձին կամ անձանց։
Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։