ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2022 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ  ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 928 հազար 914 մարդ, իսկ նույն ժամանակահատվածում առկա բնակչության թիվը կազմել է 2 մլն 638 հազար 917: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մշտական բնակչության թվաքանակում ներառված է ՀՀ-ում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա եւ ժամանակավոր բացակա բնակչության թվաքանակների ցուցանիշների հանրագումարը։ Համեմատելու համար նշենք, որ նախորդ մարդահամարն անցկացվել էր 2011 թվականին։ Այդ տարվա տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր  3 մլն 18 հազար 854 մարդ, իսկ առկա բնակչությունը՝ 2 մլն 871 հազար 771 մարդ։ Եթե արտահայտենք թվերով, ապա մշտական բնակչությունը 11 տարում կրճատվել է շուրջ 89 հազար 940-ով:

 

 

 

 

Արդեն այսօրվանից խորհրդարանը վերսկսում է իր աշխատանքը: Մեկնարկում են ԱԺ 5-րդ նստաշրջանի հերթական նիստերը: Այս շաբաթ խորհրդարան է գնալու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելու դատախազության 2022թ.-ի գործունեության մասին հաղորդումը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատախազի՝ ԱԺ գալուն ընդառաջ՝ շատ ՔՊ-ականներ փորձում են Վարդապետյանի հետ հարաբերություն կառուցել կամ վերականգնել, քանի որ նախկինում, երբ Վարդապետյանը աշխատում էր արդարադատության փոխնախարար եւ անարդար ձեւով հեռացվեց պաշտոնից, շատ ՔՊ-ականներ անգամ չէին բարեւում նրան: Հիմա վախենում են, որ Վարդապետյանը գուցե «վրեժ լուծի» իրենցից, քանի որ շատերի ունեցվածքը շեշտակի չհիմնավորված ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ-ականները տարբեր առիթներ են փնտրում գլխավոր դատախազի հետ հանդիպելու համար, սակայն Վարդապետյանը հիմնականում խուսափում է ՔՊ-ականների հետ շփումներից: Նա ուղիղ շփման մեջ է միայն Նիկոլ Փաշինյանի հետ եւ ԱԺ գնալիս Վլադիմիր Վարդանյանի հետ է շփվում, ընդմիջում է անում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի սենյակում:

 

 

 

 

 

Իշխանական էլիտան կիրակի օրը խնջույքի է եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական վերնախավը՝ նախարարները եւ պատգամավորները, Փաշինյանի գլխավորությամբ, մասնակցել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի որդու հարսանիքին: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն ընտանիքի հետ է մասնակցել միջոցառմանը: Հովակիմյանն անձամբ է զանգահարել եւ կուսակից ընկերներին հարսանիք հրավիրել՝ մոռանալով, որ ինքը անկախ մարմնի ղեկավար է եւ պետք է քաղաքական չեզոքություն պահպանի: ՔՊ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարսանիքը բավականին ճոխ է նշվել, ՔՊ-ականներն էլ լավ քեֆ են արել, ուրախացել, ինչպես հայտնի հեքիաթում՝ աշխարհը խալի է ոտի տակ… Տեղեկացանք, որ Հովակիմյանի որդու հարսանիքը եղել է «Լիաննա» ռեստորանային համալիրում, որի սեփականատերը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքն է:

 

 

 

 

Իրավապահ մարմինները ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների գործունեության մեջ բացահայտումներ կանեն. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սպասվում են ձերբակալություններ: Այդ բացահայտումները կապված են ՀՀ ՊՆ պաշտոնատար անձանց կողմից զինվորների օգտին կլորիկ գումարի դիմաց ինչ-ինչ ծառայություն մատուցելու դեպքերի հետ: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կաշառք ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերով կալանավորվել էին ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալն ու եւս երեք անձ. ավելի ուշ՝ ապրիլի 26-ին, կալանավորվել էր Երեւանի կայազորի հոսպիտալի պետը:




Լրահոս