Փաստաբան Հակոբ Ճարոյանն իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու հայցով դիմել է դատարան` ընդդեմ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի: «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում Քոչինյանը Ճարոյանին անվանել էր խելագար` ի պատասխան խոշոր չափերի հասնող կաշառակերության մեջ Ճարոյանի մեղադրանքների: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում լսումները շարունակվում են, սակայն արդեն որերոդ անգամն է` Հենրիկ Քոչինյանը չի ներկայանում դատական նիստերին:
Որպես փոխհատուցում` Ճարոյանը Քոչինյանից պահանջում է ընդամենը 1 լումա: Փաստաբանն այդ կերպ ուզում է Քոչինյանին բարոյապես պատժել: Հավելենք, որ «Ժողովուրդ»-ը դատական գործում ներգրավված է ոչ թե որպես պատասխանող, այլ որպես երրորդ անձ, քանի որ թերթը ոչ թե վիրավորել է, այլ ընդամենը միջոց է դարձել վիրավորանքի համար:
Երեկ` ժամը 17:00-ին, պետք է շարունակվեին դատական լսումները` դատավոր Նաիրա Ավետիսյանի ղեկավարությամբ: Սակայն դատական նիստն ընդամենը մի քանի վայրկյան անց ավարտվեց` կողմերից մեկի բացակայության պատճառով: Հակոբ Ճարոյանը դատարանում ասաց, որ Հենրիկ Քոչինյանն արդեն պատասխան է ուղարկել եւ նշել, որ ինքը դատական պրոցեսներին չի մասնակցելու:
Ի դեպ, իր պատասխանում Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանն ամեն ինչում մեղադրել է «Ժողովուրդ»-ին:
Քոչինյանը փորձել է արդարանալ, թե ինքը չի իմացել` ով է իր հետ խոսում, եւ չի էլ հիշում, թե ինչ է խոսել. Հակոբ Ճարոյանի հետ կապված: Նախկին մարզպետը նշել է, որ ցանկացած մարդ կարող է իրեն զանգահարել եւ խոսել` ինքն ի՞նչ իմանար, որ լրագրողի հետ է խոսում:
Այս կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ մենք, ինչպես կարգն է, նախ ներկայացել ենք` նշելով, թե որ լրատվամիջոցից ենք, ապա նոր տվել մեր հարցերը: Ավելին, մենք ունենք խոսակցության ձայնագրությունը, որտեղ Քոչինյանն իսկապես խելագար է անվանում փաստաբանին: Մեր այն հարցին էլ, թե ինչու ինքը Ճարոյանին դատի չի տալիս միլիոնների յուրացման մեղադրանքի համար, նախկին մարզպետը պատասխանել է, թե Ճարոյանի գերխնդիրն էլ հենց դա է, որ Ճարոյանն այդ կերպ ասպարեզ կգա, եւ լրատվամիջոցները կսկսեն իր մասին խոսել:
Հենրիկ Քոչինյանն իր պատասխանի վերջում ներողություն է խնդրում Հակոբ Ճարոյանից եւ կրկին նշում, որ լրագրողն է մեղավոր ոչ ճիշտ լուսաբանելու համար: Մեր կողմից ավելացնենք, որ Քոչինյանի նման բացատրագիրն ընդամենը ցույց է տալիս, որ նա վախեցել է եւ հույս ունի, որ լրատվամիջոցին մեղադրելով` կկարողանա հարցը լուծել: Բայց Ճարոյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց, որպեսզի պատասխանող կողմին պարտադրեն ներկայանալ դատական նիստերին: Փաստաբանը ապահանջում է որոշում կայացնել` երրորդ անձի ներկայության հետ կապված, քանի որ այդ ամենի հետեւանքով դատական գործընթացները հետաձգվում են: Դատավոր Ավետիսյանն ասաց, որ իրենք կքննարկեն եւ պատշաճ ձեւով կկազմակերպեն պատասխանողի ներկայությունը: Նշենք, որ երրորդ անգամն է, ինչ դատավարությունը հետաձգվում է: Հաջորդ դատական նիստի օրը դեռեւս հայտնի չէ:
ՔՈՉԻՆՅԱՆԸ ԴԱՏԵՐԻՆ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ