ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հունիսին քաղաքական երկրորդ ժողովն է անցկացնելու Դիլիջանում: Ժողովին մասնակցելու են կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ համայնքի ղեկավարներ, ինչպես նաեւ հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը:

«Ժողովուրդ» օրաթերթն իր ՔՊ-ական աղբյուրներից տեղեկացավ, որ թեեւ ժողովի օրը դեռ հստակեցված չէ, բայց կուսակցությունում նախապատրաստական թեժ աշխատանքներ են տարվում:

ՔՊ-ակաները հրավիրյալների ցանկն են հստակեցնում, ժողովի օրակարգի շուրջ են քննարկումներ անում, ինչպես նաեւ ժողովի անցկացման համար հյուրանոց են փնտրում:

Իշխանականները ջանք չեն խնայում, որ կուսակցության քաղաքական ժողովը բարձր մակարդակով անցնի, որպեսզի վարչության կեղծված ընտրություններից հետո Փաշինյանը  գոհ մնա իրենցից:

«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցեց Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ՔՊ ժողովի անցկացման համար, որոնք տեսանելի են քաղաքում:

«Համենայնդեպս ես տեղյակ չեմ այդ ամենի մասին»,-ասաց քաղաքապետը՝ խուսափելով կոնկրետ հարցերի պատասխանելուց:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հայրենի իրավապահ համակարգը, ԱԺ ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ, ԿԸՀ նախագահը, դատախազության եւ քննչական մարմինների անդամները շաբաթ եւ կիրակի թեժ քննարկումներ են ունեցել Ծաղկաձորում: Բանն այն է, որ հայրենի իշխանության ներկայացուցիչները, Քրեադատավարական օրենսգրքի հետ առնչվելով, մշտապես խնդիրների են բախվում: Դրանք վերաբերում են ձերբակալությունների ժամկետներին, դատարանների աշխատանքներին, դատական համակարգի ծանրաբեռնվածությանը: Իրավական համակարգը այս հարցերում մշտապես թեժ կռիվների մեջ է, որոնք ներքին բախումներ են ու երբեմն վերածվում են հանրային քննարկման: Իրավական համակարգը որոշել է հավաքվել, միմյանց լսել: Նշենք, որ ծաղկաձորյան հավաքը ղեկավարել է ԱԺ պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որին, ըստ մեր աղբյուրների, մերթ ընդ մերթ «օգնել է» ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, որը թեեւ ԿԸՀ նախագահն է՝ անկախ մարմնի ղեկավար, բայց երբեմն ԱԺ պատգամավորի նախկին աշխատանքն է անում: Ներկաները թեժ քննարկել են նաեւ Հովակիմյանի՝ այդ հավաքին ներկա գտնվելու փաստը, քանի որ անհասկանալի է եղել բոլորի համար, թե անկախ համակարգի ղեկավարն ինչ գործ ունի նման հավաքներին: Հավելենք, որ Ծաղկաձոր են մեկնել նաեւ ՔՊ վերնախավի «սրտի» պատգամավորներ Արփի Դավոյանը, Լիլի Մինասյանը, Արմեն Խաչատրյանը, Ալխաս Ղազարյանը, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, գյումրեցի Նազելի Բաղդասարյանը: Իշխանության ներկայացուցիչները, կարելի է ասել, ժամանակ են անցկացրել, իսկ իրավապահ համակարգը թեժ քննարկել է իր ներքին խոհանոցը: Ըստ մեր աղբյուրների՝ համակարգում լուրջ դժգոհություններ կան, եւ որոշվել է առաջիկայում կրկին հանդիպել նույն ֆորմատով:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը սպասում է Արցախի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պատասխանին, որպեսզի կարողանա հանձնաժողովի նիստ հրավիրել, լսել նախկին հրամանատար-նախարարին: Ասել է թե՝ Ջալալ Հարությունյանը խոստացել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ներկայանալ քննիչ հանձնաժողով, բայց օրն ու ժամը պետք է իրեն հարմարեցնեն: Եվ, ահա, մեզ հայտնի է, որ նա ԱԺ կգնա հունիսի սկզբին, ու հանձնաժողովը անհամբեր սպասում է նրա հետ հանդիպմանը։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է հրավիրվելու ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը: Առաջիկայում այս շարքը շարունակվելու է, եւ նոր հրավիրյալներ էլ կլինեն: Բանն այն է, որ քննիչ հանձնաժողովի գործունեությանը քիչ ժամանակ է մնացել, եւ պետք է  նրանք աճապարեն: Հիշեցնենք, որ միայն ՔՊ-ականներից կազմված այդ հանձնաժողովի գործունեության իրական նպատակը պատերազմի հնարավոր հանգամանքները Նիկոլ Փաշինյանի վրայից մաքրելն է:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն Ապարանի կրակոցների գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ գործը ուղարկել է դատարան: Գրել էինք, որ գործով հարցաքննվել էր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբայրը՝ Մնացական Ասատրյանը, որը առավել հայտնի է Գռզո մականունով: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբոր ցուցմունքը, թե նա ինչ է պատմել իրավապահներին ողբերգական կրակոցների գործով: Մասնավորապես, նա իր ցուցմունքում հայտնել է, որ կրակոցների օրը՝ 2022 թվականի հունիսի 19-ի  առավոտվանից, տանն է եղել,  զբաղվել է տան գործերով: Կեսօրին (հստակ ժամը չի հիշում) իր տուն եկան Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանը եւ Ապարանի գնդի հրամանատար, իր իմանալով՝ ներկայումս ՊՆ նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը։ Նրանք Ռազմիկ Պետրոսյանի ՊՆ համարանիշներով «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով էին եկել: Նստած տանը դեսից դենից՝ կենցաղային թեմաներով են զրուցել, հաց կերել։ Էդգարը իր ընտանիքի հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ է, Ռազմիկը՝ նույնպես։ Հստակ ժամը չի հիշում, իրեն զանգահարեց… Իսկ թե ով է զանգահարել պատգամավորի եղբորը, ուր է գնացել նա եւ ինչի է ականատես եղել, ներկայացնում ենք բացառիկ փաստաթղթերով (տե՛ս լուսանկարը): Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ հունիսի 19-ին, հնչած կրակոցների հետեւանքով սպանվել էր 3 անձ՝ 27-ամյա պայմանագրային զինծառայող Հմայակ Միքայելյանը, Տիգրան Հարությունյանը, որն Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հարազատներից էր, աշխատում էր «Գնթունիք» սուպերմարկետում, եւ Սամվել Սանդրոյանը: Դեպքից հետո անմիջապես լուրեր տարածվեցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար վիճաբանություն է սկսվել մի խումբ երիտասարդների եւ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների միջեւ: Ըստ այդ լուրերի՝ վիճաբանության ընթացքում ՔՊ-ական պատգամավորների հարազատները ավտոմատներով կրակել են Փաշինյանին հայհոյած երիտասարդների վրա: Գործով կալանավորված է մեկ անձ՝ Արմեն Հովհաննիսյանը:




Լրահոս