«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գաղտնիք չէ, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը տարվա ընթացքում զբաղվում է միայն այս կամ այն երկիր այցելություններով, արձանագրային հայտարարություններ անելով: Եվ նաեւ դա է պատճառը, որ խորհրդարանում 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության նախագիծը ներկայացնելիս խայտառակ արդյունքի ականատես եղանք: Մասնավորապես, հաշվետվության մեջ նշվում է, որ նախագահը զբաղված է եղել քաղաքացիության տրման մասին հրամանագրեր, կոչումներ, շքանշաններ ու մեդալներ տալով: Շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրվել է 680 անձ։ Նախագահի կողմից շնորհվել է 12 պատվավոր կոչում, 17 բարձրագույն դիվանագիտական աստիճան, 6 դասային աստիճան, 4 բարձրագույն զինվորական կոչում։
Այսինքն՝ ստացվում է՝ միայն հրամանագիր ստորագրելու, կոչում տալու համար մոտ 3 մլն դոլարի բյուջետային հատկացում է արված եղել նախագահի աշխատակազմին, որպեսզի լավ ստորագրի, մեկնի գործուղումների եւ ձեռքի հետ էլ հայտարարի, թե մենք ենք ագրեսոր երկիր, եւ պատերազմի մեղքը մերն է: Մեկ այլ ուշագրավ հանգամանք եւս Վահագն Խաչատուրյանի գործունեությունից. պարզվում է՝ նրա մոտ եւս կադրերի պակաս է: Չնայած 2022 թվականի մարտի 13-ին Վահագն Խաչատուրյանը երդմնակալությամբ ստանձնեց նախագահի պաշտոնը, սակայն նա այդպես էլ աշխատակազմի ղեկավար չունի:
Եվ հենց դա է պատճառը, որ երեկ նախագահի աշխատակազմի հաշվետվությունը ներկայացնում էր նրա տեղակալ Պողոսյան Խաչիկը: Վերջինս, նկատենք, Շիրակի փոխմարզպետն է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին:
Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում