ArmLur.am-ը Արցախի եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների շուրջ զրուցել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ եթե Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնության գան փաստաթղթի շուրջ, եւ Հայաստանը ճանաչի Արցախի տարածքային ամբողջականությունը, դա ներառում է նաեւ Արցախը եւ անկլավները: Ի՞նչ կասեք:
-Դա քաղաքական գործընթաց է, ինչի՞ եք զարմանում այդ հայտարարությունից, բա 2,5 տարի առաջ փաստաթուղթ է ստորագրել Փաշինյանը, հիմա ինչի՞ եք զարմանում: Ես բազմիցս ասել եմ, թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթն իրենից ինչ է ներկայացնում:
-Նոյեմբերի 9-ի փաստաթղթում խոսք չկա անկլավների մասին, բայց Փաշինյանն ասաց, որ անկլավները եւս հանձնվելու են:
-Ի՞նչ է նշանակում անկլավները նշված չեն, անկլավներում մի հատ չինարի ծառ կա, դա էլ նշված չէ: Ես դա հասկացել եմ 2,5 տարի առաջ՝ նոյեմբերի 10-ին, որ տարբեր հատվածներում խնդիրներ ենք ունենալու:
-Այսինքն՝ անկլավների հանձնումն էլ է նոյեմբերի 9-ի փաստաթղթից բխում:
-Այո
-Ենթադրենք՝ անկլավները հանձնեցինք, Արցախը հանձնեցինք, հետո ի՞նչ է լինելու:
-Հետո պետք է մտածենք Հայաստանի տարածքայինն ամբողջականությունը կարողանո՞ւմ ենք պահպանել, թե՞ ոչ, որովհետեւ այնտեղ կա նաեւ 9-րդ կետ:
-9-րդ կետն ի՞նչ է ենթադրում:
-Ճանապարհով անարգել երթեւեկություն՝ Նախիջևանի եւ Ադրբեջանի հարավային շրջանների միջև:
-Այսինքն հաջորդը Սյունիքով միջա՞նքն է լինելու:
-Միջանցք բառը փաստաթղթում գրված չէ: Միջանցք չի լինելու, լինելու է ճանապարհ, որով ադրբեջանցիներն անարգել երթևեկելու են:
-Արցախն ու անկլավները հանձնելուց հետո իշխանությունների ցանկալի խաղաղությունը կհաստատվի՞, Ադրբեջանը կբավարարվի՞ այդքանով:
-Ոչ
-Հաջորդը ի՞նչ պահանջներ են ներկայացնելու Հայաստանին:
-Դա կարող եք հարցնել Էրդողանից կամ Ալիեւից:
-Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը Թուրքիայում մասնակցում էր այդ երկրի նախագահի երդմնակալության արարողությանը, ինչպես լուսանկարներից է երևում ՝ջերմ զրուցում է Ալիեւի եւ Էրդողանի հետ, ի՞նչ կասեք այս մասին:
-Անձնական հարցերր չեմ մեկնաբանում:
-Իսկ այս իրավիճակում, ի՞նչ եք կարծում, բավարար ռեսուրսներ ունե՞նք՝ ռազմական եւ արտաքին քաղաքական դաշտում հակառակորդին դիմակայելու համար:
-Ռեսուրս ցանկության դեպքում միշտ էլ կարելի է գտնել:
Քրիստինա Մուշեղյան