ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել մի շարք ծնողներ, ովքեր նախապատրաստվում են առաջին դասարանցիների ընդունելությանը հանրակրթական դպրոցներում:
Ծնողների խոսքով՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը որքան հնարավոր է բարդացրել է առաջին դասարանցիների ընդունելությունը եւ առցանց համակարգի միջոցով հայտագրումը մեծ խնդիրների առաջ է կանգնեցրել նրանց:
Վերջիններս վրդովված մեզ հետ զրույցում նշեցին, որ ահ ու սարսափի մեջ սպասում են, թե երբ է գալու նախանշված օրը, որպեսզի ուշի ուշով հետեւեն եւ կարողնան գրանցել իրենց երեխաներին, քանի որ չհասցնելու պարագայում երեխան կարող է դուրս մնալ տվյալ դպրոցից: Բացի այս, առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը նաեւ խնդիր է գյուղական բնակավայրերում ապրող երեխաների ծնողների համար: Որքան էլ դժվար է պատկերացնել, բայց մեր երկրում կան շատ բնակավայրեր, որոնք ունեն թե՛ համացանցի հասանելության, եւ թե՛ դրանից օգտվելու խնդիրներ:
Ի դեպ, հիշեցնենք, որ 2023-2024 թթ ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 12-ից և կիրականացվի 3 փուլով։ Առաջին փուլով՝ հունիսի 12-ից հայտագրումը բաց կլինի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ։
• տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին և տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին (այս կետի արտոնությամբ հայտագրումը կշարունակվի մինչև հունիսի 25-ը ներառյալ). • ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին.
• տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան՝ ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին:
• Երկրորդ փուլով՝ հունիսի 27-ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։
• Երրորդ փուլով՝ հուլիսի 4-ից հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի) համար: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը թվարկված որևէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի, հայտագրումը կարող է կատարվել ծնողի ընտրությամբ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:
Մեր զրուցակիցները հուսով են, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ի վերջո կփորձի այնպիսի մեխանիզմներ մշակել, որը կհեշտացնի առաջին դասարանցիների ընդունելության կարգն ու այս բյուրոկրատական քաշքշուկից իրենք զերծ կմնան: Այս պրոցեսը ոչ թե գլխացավանք կդառնա իրենց համար, այլ իրենք կկարողանան շատ մատչելի ձևով իրենց զավակներին ընդունեն դպրոցներում:
Armlur.am-ն առաջիկայում կներկայացնի կրթության ոլորտի փորձագետի և ԿԳՄՍ նախարարության տեսակետն այս հարցի վերաբերյալ:
Լիդա Եղիազարյան