Ինչպես արդեն գրել էինք, ArmLur.am-ի խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից ռուսական Wildberries ընկերության վերաբերյալ:
Ըստ քաղաքացիների բողոքների՝ Wildberries ընկերությունն անհասկանալի պատճառներով պարբերաբար թանկացնում է գնված ապրանքի վերադարձի գումարը: Այժմ նախկին՝ 450-դրամի փոխարեն այն դարձել է 850 դրամ: Քաղաքացիներին զայրացրել է նաեւ այն հանգամանքը, որ երեխաների համար նախատեսված կաշաները, նպարեղենը չեն կարողանում հատով գնել, քանի որ Wildberries-ը փոխել է գնման ձեւը. այն այսուհետ պետք է գնել որոշակի քանակով, ինչը մեծ անհարմարություններ է պատճառել եւ վրդովմունք առաջացրել քաղաքացիների շրջանում:
Քաղաքացիների ահազանգերին եւ մեր հարցադրումներին ի պատասխան Wildberries ընկերությունը պարզաբանել է, որ ապրանքների քանակի սահմանափակում չեն դրել պատվերների մեջ։ Միակ պայմանը պահեստում ապրանքի անհրաժեշտ քանակի առկայությունն է։
Իսկ հետադարձ առաքման վճարների թանկացման մասին ընդգծել են. «Ինչ վերաբերում է հետադարձ առաքմանը, ապա դրա արժեքն աճել է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ բոլոր երկրներում, որտեղ ընկերությունը գործում է։ Կախված ապրանքից՝ նվազագույն արժեքը սկսվում է 150 ռուբլուց և փոխակերպվում տեղական արժույթի, Հայաստանում՝ 710 դրամ»։
Եվ չնայած այս սահմանափակումներին եւ անհարմարություններին Wildberries-ը մեծ պահանջարկ ունի Հայաստանում:
Լիդա Եղիազարյան