Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, 2014 թվականի հուլիսի 24-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք կարգավորումներ, Նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղում գտնվող 1198,09 քմ մակերեսով անշարժ գույքը և «հատուկ նշանակության» 6.0536 հա հողամասն ուղղակի վաճառքով՝ 8 մլն 717 հազար 184 դրամով, վաճառել են քաղաքացի Ա.Ս.-ին:
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023 թվականի ընթացքում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացի Ա.Ս.-ն գույքը ձեռք բերելուց հետո՝ 2017 թվականի հուլիսի 17-ին, «հատուկ նշանակության» հողամասը և շինությունները՝ այդ թվում զորանոցը, 400 հազար դրամով վաճառել է մեկ այլ քաղաքացու՝ Վ.Գ.-ին: Վ.Գ.-ն ձեռք բերված անշարժ գույքը 2018 թվականի հունվարի 11-ին գրավադրել է բանկում 11 մլն դրամով, իսկ 2022 թվականի օգոստոսի 9-ին՝ 86 մլն 500 հազար դրամով (ձեռքբերման գնից տասն անգամ թանկ):
Ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ա.Ա.-ն, անտեսելով Կադաստրի կոմիտեի 2014 թվականի հուլիսի 4-ին տրված տեղեկանքը, համաձայն որի՝ վերոնշյալ հողամասը «հատուկ նշանակության» է, վավերացրել է պայմանագիրը, Կոմիտեի աշխատակիցներն իրականացրել են իրավունքների պետական գրանցում՝ քաղաքացուն տալով սեփականության իրավունք, իսկ Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք պետական սեփականության հողամասն օրենքի խախտմամբ վաճառել են քաղաքացուն:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզված հանգամանքներն առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ՝ Դատախազությունը 2023 թվականի հունիսի 8-ին ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:
2023 թվականի հունիսի 9-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):