Կոտրել է նրա ձախ ձեռքի մատները, այնուհետև հարվածել գլխին․ նախաքննությունն ավարտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապան քաղաքի բնակչին առանձին դաժանությամբ սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ իրականացված քննչական եւ վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքները, այդ թվում ՝ շարժառիթը:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2023 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Կապան քաղաքի 30-ամյա բնակիչը նույն քաղաքում բնակվող 52-ամյա հորեղբոր կողմից իր եւ իր հոր հասցեին հնչեցված սեռական բնույթի հայհոյանքների շարժառիթով, նրան առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ, նախ կոտրել է նրա ձախ ձեռքի մատները, այնուհետեւ տարբեր իրերով եւ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին, եւ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ:

Այնուհետեւ, երբ տուժողը մահամերձ վիճակում պառկած է եղել անկողնում, կրակայրիչով մի քանի տեղից այրել է վերմակը, որից 10-15 րոպե անց մարել է այն:

Նախաքննության ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ տղամարդու մահվան պատճառ է հանդիսացել կենսական կարեւոր օրգանի՝ գլխի շրջանում ստացած բաց բութ գանգուղեղային վնասվածքը:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Կապան քաղաքի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին։




Լրահոս