«Փաստորեն, Վարդան Օսկանյանը 10-15 տարի Ղարաբաղի հարցը ինքնորոշման եղանակով չէր կարողանում լուծել, վերջին երեք ամիսը նրան դավադրաբար Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը չեն տվել, որպեսզի դա անի՞»,- երեկ՝ հուլիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե իրեն թող տան 3 ամիս բանակցելու լիազորություն, եւ այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը լռի, ինքը կկարողանա հայանպաստ լուծման բերել բանակցությունները:
«Վարդան Օսկանյանը 10 տարի եղել է ԱԳ նախարար. որքան գիտեմ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ 5-7 տարի եղել է ԱԳ փոխնախարար՝ ԼՂ հարցում ներգրավված. փաստորեն, Վարդան Օսկանյանին 15 տարի երեք ամիս էր պետք: Լեւոն Տեր-Պետրոսյանը նրան տվել էր 5 տարի, Ռոբերտ Քոչարյանը՝ 10 տարի, եւ այդ վերջին երեք ամիսը ոչ ոք իրեն չի տալիս, որ Ղարաբաղի հարցը լուծե՞ր: Սա աբսուրդ է, սա ի՞նչ հիմարություն է»,-ասաց նա:
Անդրադառնալով Օսկանյանի մեկ այլ հայտարարությանը, թե եթե Ստեփանակերտը բանակցի Բաքվի հետ, դա կնշանակի, որ մենք այլեւս չունենք Արցախ, Գեւորգ Պապոյանն ասաց. «Երբ Հայաստանը բանակցային սեղանի շուրջ հիմնական դերակատարն է եղել, դրա արդյունքում տեսանք, որ դիվանագիտորեն որեւէ լուծման հասնել հնարավոր չի եղել, այդ թվում՝ Վարդան Օսկանյանի օրոք: Ես հավատում եմ, որ Վարդան Օսկանյանն ուզեցել է հայանպաստ լուծում գտնել հարցին, բայց չի կարողացել:
Դա նշանակում է, որ այն ճանապարհով, որով Օսկանյանը գնացել է, որի մասին այսօր խոսում է, դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Այդ ճանապարհը տարել է պատերազմի. հիմա եթե ինքն ուզում է 3 ամիս էլ գա, ու եւս մեկ պատերազմ ստանանք, ես Վարդան Օսկանյանին դա թույլ չեմ տա, որովհետեւ պատերազմներին, սովորաբար, Վարդան Օսկանյանի որդին չի մասնակցում, մասնակցում են մեր խեղճուկրակ ժողովրդի երեխեքը: Ես թույլ չեմ տա Վարդան Օսկանյանին եւ տարատեսակ թղթեր ստորագրողներին եւս մեկ պատերազմ բերել մեր ժողովրդի գլխին»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:
Հարցին, թե ինչ կկատարվի, եթե Բաքվի հետ ուղիղ բանակցողը լինի Ստեփանակերտը, նա արձագանքեց. «Եթե Բաքվի հետ ուղիղ բանակցողը լինի Ստեփանակերտը, Ստեփանակերտը կճանաչվի սուբյեկտ, եւ իրենք իրար հետ կքննարկեն: Ադրբեջանը խուսափում է դրանից, որովհետեւ դա իրեն ահավոր ձեռք չի տալիս, դրա համար էլ մինչեւ հիմա դա չկա: Մեր խնդիրն է դա անել, որովհետեւ եթե դա իրենց համար այդքան լավ բան լիներ, իրենք դա կընդունեին: Իրենք միշտ ցանկացել են Երեւանի հետ բանակցել, որովհետեւ այդտեղ իրենց դիրքերն ուժեղ են: Բանակցել արցախցու հետ նշանակում է բանակցել մի մարդու հետ, որն իր իրավունքների, իր կյանքի համար է բանակցում: Իսկ բանակցել Հայաստանի հետ նշանակում է բանակցել մեկի հետ, որն ուզում է ուրիշի տարածքի հետ կապված հարցեր լուծել»:
ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ
Ադրբեջանի կողմից առեւանգված հայ զինծառայողներն Ադրբեջանում տեղի ունեցած հերթական կեղծ դատավարությամբ ազատազրկման են դատապարտվել 11 տարի 6 ամիս ժամկետով։
Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Նախօրեին կայացած դատական նիստի ժամանակ դատախազը հայ զինծառայողների համար պահանջել էր 12 տարվա ազատազրկում։ Ադրբեջանը շինծու մեղադրանքներ է ներկայացրել իր իսկ զինծառայողների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքից առեւանգված հայ զինծառայողներին՝ նրանց մեղադրելով իբր պետական սահմանը հատելու եւ ծանր հանցագործությունների նախապատրաստման համար։
ՄԹԵՐՔ՝ ՆԱԵՎ ՇԱԲԱԹ ՕՐԵՐԻՆ
Լեռնային Ղարաբաղի սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին (հուլիսի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած) շաքարավազի ու ձեթի տրամադրման գործընթացը կիրականացվի նաեւ շաբաթ օրը:
Նախարարությունից խնդրում են սպասարկման կետեր ներկայանալ՝ հետեւելով էլեկտրաէներգիայի հովհարային անջատման գրաֆիկին:
ԲՈՒԺԱՌՈՒՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑԻՆ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից երեկ 17 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ, տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բժշկական կենտրոններ։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ՝ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից: Բաթումի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Լեւան Դավիթաշվիլին:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՉԿԱՆ
«Ադրբեջանից ակնկալել արդարադատություն որեւէ հայի նկատմամբ ուղղակի ֆանտաստիկայի ոլորտից է, եւ դա մենք պետք է հասկանանք»,-հուլիսի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանում հայ երկու ռազմագերիները, որոնց առեւանգել էին մեր տարածքից, դատապարտվեցին 11,5 տարվա ազատազրկման:
«Ինչքան էլ մեր իշխանությունները փորձում են Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցել եւ մեզ կերակրել խաղաղության կեղծ օրակարգով, բոլորի համար պետք է ընկալելի լինի, որ Ադրբեջանը մեզ ընկալում է թշնամի եւ վերջ: Եթե Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունը եւ չի վերադարձում գերիներին, Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է գնում եւ ստորագրում այլ փաստաթուղթ, եւ, ընդհանրապես, ինչո՞ւ է մասնակցում բանակցությունների: Եթե մի ստորագրված փաստաթուղթը խախտվել է, կյանքի չի կոչվել, ի՞նչ իմաստ ունի շարունակել: Ընդհանրապես, ի՞նչ իմաստ ունեն բանակցությունները, եթե Փաշինյանը բանակցում է, նրանք կրակում են: Մենք առաջարկում ենք՝ պահանջատեր եղե՛ք ձեր ստորագրած փաստաթղթերի կետ առ կետ կատարմանը, եւ պահանջատեր եղե՛ք, որ Ադրբեջանի նկատմամբ ոչ թե հասցեական հայտարարություններ լինեն, այլ լինեն պատժամիջոցներ»,-ասաց Թագուհի Թովմասյանը:
Դիտարկմանը, որ իշխանությունները հայտարարում են, որ դրանով պատերազմ են հրահրում, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Մենք ԱԺ-ում ելույթ ենք ունենում, ասում են՝ զգո՛ւյշ եղեք, պատերազմ կլինի, փողոցով քայլում ենք, ասում են՝ զգո՛ւյշ եղեք, պատերազմ կլինի: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պատերազմի սպառնալիքով անընդհատ փորձում են կերակրել մեզ ու վախեցնել: Իսկ երբ մենք ոչինչ չէինք անում, եւ «Հայաքվե»-ն էլ չկար, քանի՞ անգամ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սուվերեն տարածքի վրա: Դա ո՞վ նպաստեց: Այնպես որ, նման հայտարարություն անողներն իրենք իրենց հետ ազնիվ չեն»: