ԿՐԱԿՈՑԻ ՆՄԱՆՎՈՂ ՀԱՐՎԱԾՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը «Սպորտի ետնաբեմից» խորագրով շարքի շրջանակներում հերթական մանրամասներն է հաղորդում այս անգամ արդեն բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանի հետ զրույցից:

 

Խոսել ենք մարզիկի՝ բռնցքամարտում հայտնվելու հետաքրքիր պատմության, սպորտային սեփական գաղտնիքների, հիշողությունների ու անձնական կյանքի մասին։

-Ռաֆայե՛լ, կուզեմ սկսենք Ձեր կարիերայի սկզբից: Դուք հայտնվել եք բռնցքամարտում շատ զարմանալի ձեւով՝ Ձեր մայրիկի շնորհիվ, որը, Ձեր կամքին հակառակ, տարել է Ձեզ սպորտի: Հետո արդեն Դուք հրաժարվել եք մարզվել: Ինչու՞:

-Առաջին անգամ բռնցքամարտի հաճախել եմ 5-6-րդ դասարաններում, բայց չէի ցանկանում: Այդ ժամանակ հենց մայրս որոշեց, որ պիտի գնամ: Ընդհանրապես չէի ուզում, չգիտեմ՝ ինչու: Հետո մայրս հասկացավ դա, եւ իմ կամքով դուրս եկա: Անցավ 3-4 տարի, եւ այնպես ստացվեց, որ իմ՝ այդ ժամանակվա մարզիչը այցելեց դպրոց, ասաց, որ խմբակ ունի: Այդ ժամանակ եւս այնպես չէր, որ մեծ ցանկություն ունեի, բայց խիզախեցի, ու հենց այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ: Իհարկե, մի քանի անհաջողություններ ունեցա հենց սկզբում, բայց, փառք Աստծո, հետագայում ամեն ինչ շատ լավ դասավորվեց:

-Սպորտն ու դատարանը նման են իրար. երբեք չի լինում միշտ հաղթել: Ձեր պարտությունները ինչպե՞ս է ընդունում Ձեր մայրը:

-Ունեցա երկու պարտություն իմ առաջնային մարտերում, ասաց, որ եթե այսպես շարունակվի, ինքը չի ուզենա՝ շարունակեմ: Տարիներ անց Երեւանի առաջնությանը դարձա չեմպիոն, բայց Հայաստանի առաջնությանը պարտվեցի: Դա կարծես հույս ներշնչեց: Ասաց՝ լավ, հուսանք՝ մի բան կլինի, եւ ստացվեց այնպես, որ իր այդպես ասելուց հետո՝  2017 թվականից մինչ այսօր, չեմպիոն եմ դարձել Հայաստանի: Իհարկե, ընթացքում այլ պարտություններ գրանցել եմ՝ երկրից դուրս էլ, Հայաստանում էլ, բայց մայրս չի դիտում ո՛չ իմ հաղթանակած, ո՛չ էլ պարտված մենամարտերը:

-Մի անգամ, երբ խոսում էինք, ասացիք, որ ունեք մի նշանաբան կամ հետաքրքիր տողեր, որ ասում եք ամեն անգամ ռինգ մտնելուց առաջ: Արդյոք այս ընթացքում խմբագրե՞լ եք այդ տողերը. Կխնդրեմ նախ բացատրեք այդ տողերի ընտրությունը եւ հնչեցնեք եթերում:

-Ի սկբանե այդ տողերը տեսել եմ սոցցանցում՝ Facebook-ում. «Հաջողությունը վերջնական չէ, պարտությունը ճակատագրական չէ: Քաջություն ունեցիր շարունակելու: Ահա թե ինչն է ամենից կարեւոր»: Սա աչքովս էր ընկել այն ժամանակ, երբ ընդհամենը 10 օր առաջ պարտություն էի կրել, եւ հասկացա, որ այս ամենի մեջ իսկապես շատ խորը միտք կա: Այդ քառատողում գրված է թե՛ հաղթողի, թե՛ պարտվողի եւ թե՛ այն մարդու մասին, ով եւ՛ հաղթանակի, եւ՛ պարտության դեպքում ինչ պիտի անի: Ոչ միայն սպորտում, այլ կյանքի կարգախոս է, քանի որ խոսքը հզոր է, միտքը՝ առավել եւս:

-Հիմա, երբ արտաբերեցիք կախարդական խոսքերը, ի՞նչ զգացողություն ապրեցիք, ուժեղացա՞ք:

-Չէի ասի, բայց մրցումային փուլից, ռինգ մտնելուց առաջ ինձ իսկապես ուժ է տալիս: Ես հասկանում եմ, թե ինչի համար եմ պայքարելու:

-Միանշանակ ռինգում գտնվելիս, բացի ֆիզիկական պատրաստվածությունից, կարեւոր է նաեւ հոգեբանական կայուն վիճակը կամ հավատը սեփական ուժերի նկատմամբ: Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ ինքներդ Ձեզ հավատում ու վստահում եք:

-Վստահություն միշտ եղել է, լարվածությունը՝ նույնպես: Եթե հիշենք դեպք, երբ ես ամենաշատն եմ վստահ եղել իմ ուժերի վրա, ու լարվածությունը քիչ էր, դա Հայաստանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության ժամանակ էր՝ քառորդ եզրափակչում, երբ մրցում էի Բելգիան ներկայացնող մարզիկի հետ: Հասկացա, որ եթե դու վստահ ես, կարեւոր չէ, թե ով է քո դիմաց կանգնած:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ArmLur.am կայքում

Զրուցեց ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ՝ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը կցուցադրվի Հյուսիսային Ամերիկայի կինոթատրոններում։

 

Bars Media Films-ը հայտարարել է Հյուսիսային Ամերիկայի կինոթատրոններում «Ավրորայի լուսաբացը» ժապավենի պրեմիերայի մասին, որը տեղի կունենա օգոստոսի 11-ին Նյու Յորքում՝ Village East-ում, Angelika-ի եւ New Plaza Cinema-ի կողմից, իսկ օգոստոսի 18-ին՝ Լոս Անջելեսում՝ Laemmle Glendale-ում, սեպտեմբերի 1-ին՝ Տորոնտոյում: Պրեմիերաներին անձամբ ներկա կլինի ռեժիսոր Իննա Սահակյանը՝ ներկաների հարցերին պատասխանելու։

Ֆիլմը օգոստոսին եւ աշնանը կցուցադրվի նաեւ ԱՄՆ-ի եւ Կանադայի այլ քաղաքներում:

Այս գեղարվեստական ֆիլմը Հայաստանում նկարահանված առաջին անիմացիոն վավերագրական ֆիլմն էր եւ առաջադրվել էր «Օսկարի»։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ IAFF 2022-ում եւ դարձավ փառատոնի ֆավորիտ՝ արժանանալով ավելի քան 10 մրցանակների, այդ թվում՝ Asia Pacific Screen Awards 2022 լավագույն անիմացիոն ֆիլմի համար, 2023 թվականի «Ֆիլմեր, որոնք կարեւոր են» հանդիսատեսի մրցանակն ու «Հանդիսատեսի հատուկ հիշատակում» մրցանակը:

«Հայոց ցեղասպանությունն իմ ժողովրդի անսպառ ցավն է»,- ասել է ռեժիսոր Իննա Սահակյանը։ «Ես վախենում էի պատմել այնպիսի պատմություններ, որոնք միայն հայերին կներկայացնեն որպես զոհերի ազգ, մինչեւ պատահաբար տեսա Ավրորա Մարդիգանյանի հետ հարցազրույցը, երբ թերթում էի Զորյան ինստիտուտում Հայոց ցեղասպանությունը վերապրածների արխիվացված հարցազրույցները: Նրա խոսքերն ու արտահայտությունները փայլում էին անհավանական, բայց սովորական հերոսությամբ. այս կինը վերապրել է ցեղասպանությունը, սակայն հրաժարվել է զոհ լինել։ Սա այն կերպարն է, որը ես ուզում էի ստեղծել Aurora’s Sunrise-ում` դիմացկուն, ուժեղ եւ միեւնույն ժամանակ հուզիչ»:

 

 

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից ամերիկյան «Ինտեր Մայամի» տեղափոխված աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ավարտված մրցաշրջանի արդյունքում ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ՝ ամերիկյան Excellence in Sports Performance Yearly Award (ESPY) մրցանակաբաշխության վարկածով։

Մեսիի շնորհանդեսը «Ինտեր Մայամիում» տեղի կունենա հուլիսի 16-ին։

Տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել ամերիկյան ֆուտբոլի «Կանզաս Սիթի Չիֆս» թիմի քուոթերբեք Պատրիկ Մահոումսը։

 

 

 

 

ՖԵԼԻՇԻՆ՝ ՄԲԱՊԵԻ ՀԱՄԱՐՈՎ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն բանակցում  է Մադրիդի «Աթլետիկոյի» 23-ամյա հարձակվող Ժոաու Ֆելիշի հետ։ Փարիզյան ակումբը համաձայնել է 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի խաղային համարը (7) փոխանցել պորտուգալացի ֆուտբոլիստին, որը բանակցության ժամանակ արծարծել է նաեւ այս հարցը. հաղորդում  է DefencaCentral-ը։

Մբապեն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ եւ 2024թ. հունիսին կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Այս տարվա ձմռանը Ժոաու Ֆելիշին վարձակալել էր Լոնդոնի «Չելսին»։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 40 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

 

 

 

 

ԽԱՉԱՆՈՎԸ ՀԱՅՐ Է ԴԱՐՁԵԼ

Աշխարհի 11-րդ ռակետ, 2020թ. օլիմպիական փոխչեմպիոն Կարեն Խաչանովի ընտանիքում ծնվել է երկրորդ որդին։

«12.07.2023։ Բարի գալուստ աշխարհ, իմ երկրորդ զավակ՝ Միքայել»,- սոցիալական ցանցերում գրել է հայ թենիսիստը՝ հրապարակելով լուսանկար։

Խաչանովի առաջնեկը ծնվել է 2019թ. սեպտեմբերին, նրա անունը Դավիթ է։

 

 

 

 

ՎՈԼԵՅԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երեւանի «Գազպրոմ Արմենիա» ուսումնական-մարզական համալիրում հուլիսի 21-23-ը ՀՀ կառավարության հովանու ներքո կանցկացվի վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնության ենթախմբային մրցաշարը:

Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Դանիայի եւ Պորտուգալիայի թիմերը: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով՝ սա աննախադեպ իրադարձություն է, որին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան, Կառավարության աջակցությամբ, տեւական ժամանակ է՝ նախապատրաստվում էր:

 




Լրահոս