Թռչկանի ջրվեժի տարածքից տեխնիկայի դուրս բերումը եւ հէկ-ի շինարարությունը դադարեցնելու մասին կառուցապատող ընկերության հայտարարությունը «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության համար բավարար հիմք չեն:
«Թռչկանում շինաշխատանքների կասեցման մասին հայտարարությունը պարզապես հէկ-ի կառուցման դեմ պայքարող ակտիվիստների ուշադրությունը շեղելու միջոց է»,-կարծում են «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները: Բնապահպան ակտիվիստների մի մեծ խումբ չի հեռանում ջրվեժի հարակից տարածքից, որպեսզի թույլ չտա հէկ-ի կառուցումը: Ակտիվիստները լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են, որ իրենց պայքարը շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ բնապահպանության նախարարությունից, ՀՀ կառավարությունից ստանան տրված թույլտվությունը չեղյալ համարելու մասին պաշտոնական փաստաթղթեր: ««Ռոբշին» ՍՊԸ-ի հայտարարությունը որեւէ իրավական ուժ չունի այն պարագայում, երբ բնապահպանության նախարարի կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունը եւ բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը մնում են ուժի մեջ,-կարծում է «Բիոսոֆիա» ՀԿ ղեկավար Գեւորգ Պետրոսյանը եւ շեշտում,-օրենքի խախտմամբ տվյալ թույլտվությունները տված մարդիկ պատժված չեն, եւ մենք չենք կարող ասել, որ հաղթել ենք»:
«Համապատասխան մարմիններից պահանջում ենք կայացնել որոշում, որի համաձայն` կկասեցվի շինարարությունը, եւ մենք վստահ կլինենք, որ շինարարությունը ոչ թե դադարեցվել է, այլ կասեցվել»,-ասաց նախաձեռնության անդամ Հենրիկ Մարգարյանը:
Երիտասարդ ակտիվիստները կշարունակեն իրենց պայքարը եւ կիրականացնեն մի շարք բողոքի ակցիաներ: Այսօրվանից Շիրակի մարզում մեկնարկելու է ստորագրահավաք, նախատեսում են Գյումրու թատերական հրապարակում վրան տեղադրել եւ հանրահավաքներ կազմակերպել: Ակտիվիստները նամակ են ուղարկելու նաեւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին, որպեսզի իմանան նրա տեսակետը Թռչկանի ջրվեժի վերաբերյալ: Թռչկանի պահապանները պատրաստվում են դիմել նաեւ Շիրակի մարզից ու Գյումրուց ընտրված ԱԺ պատգամավորներին` Թռչկանի պահպանության հարցը խորհրդարանական լսումների ժամանակ բարձրացնելու պահանջով: Քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներն առայժմ դատարան չեն դիմի եւ կփորձեն ակտիվ պայքարի միջոցով հասնել հարցի իրավական հանգուցալուծմանը:
«Դատարանը մեզ համար հուսահատության վերջին ատյանն է»,-նշեց Գեւորգ Պետրոսյանը: Իսկ ակտիվիստ Գեդեոն Սիմոնյանն էլ տեղեկացրեց, որ նոյեմբերի 6-ին ծրագրել են այցելություն Թռչկան. «Ժողովուրդը չգիտի էլ` որտեղ է Թռչկանը, ինչ տեսք ունի, փորձելու ենք խմբեր տանել ջրվեժ, ծանոթացնել տեղանքին»:
Ուշագրավն այն է, որ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության երիտասարդ ակտիվիստներից շատերը դաշնակցականներ են, սակայն ՀՅԴ դիրքորոշման մասին նրանք որեւէ խոսք չասացին: Անգամ չեն էլ պատրաստվում դիմել ՀՅԴ պատգամավորներին` հարցն ԱԺ-ում բարձրացնելու խնդրանքով:
Գյումրի