Armenian text to speach

Փաշինյանը հայտնել է՝ որտեղով է անցնելու ԹՐԻՓՓ-ի երկաթուղին ու ավտոճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը սեփական նախաձեռնությամբ կմեկնարկի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի շրջանակում նախատեսվող երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքները։ ArmLur.am-ը արձանագրեց, որ այս մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը չի սպասելու ԹՐԻՓՓ զարգացման ընկերության ձևավորմանը, որպեսզի ժամանակ չկորցնի և նախապես սկսի նախագծային աշխատանքները։ Ընկերության ստեղծումից հետո արդեն կատարված աշխատանքները կփոխանցվեն նրան։

Փաշինյանը նաև հայտնել է, թե կոնկրետ որ հատվածն է ներառվելու ԹՐԻՓՓ նախագծում։ Նրա խոսքով՝ դրա մաս են կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին, այդ հատվածում նախատեսվող էլեկտրահաղորդման գծերն ու ավտոճանապարհը։

Ինչ վերաբերում է գազամուղին և նավթամուղին, վարչապետը նշել է, որ դրանց հարցը հետագայում քննարկման ենթակա է։

Փաշինյանի գնահատմամբ՝ ԹՐԻՓՓ նախագծի իրականացմամբ Հայաստանը կկարողանա հաղթահարել ավելի քան 30 տարի շարունակվող շրջափակումը։ Նա ընդգծել է, որ ապաշրջափակումը պետք է իրականացվի արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ ուղղություններով, սակայն դա չի նշանակում, որ այդ բոլոր ուղղությունների ենթակառուցվածքները ներառվելու են հենց ԹՐԻՓՓ նախագծում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովը վավերացրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս