Ականավոր գիտնականներն ու գործարարները մեկ հարթակում «Գիտության եւ գործարարության օրեր 2023» միջոցառման շրջանակում կհամախմբվեն՝ խթանելու համար բիզնեսի եւ գիտության փոխգործակցության զարգացումը, գիտության առեւտրայնացման հնարավորությունների բացահայտումը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության հետագա առաջընթացի:
Միջոցառումը կանցկացվի դեկտեմբերի 1-2-ը Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որի շրջանակում Հայաստան կժամանի հայտնի գիտնական, գրող եւ փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։
Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ՝ համախմբելով գիտնականների, հետազոտողների, գործարարների եւ ներդրողների Հայաստանից եւ ամբողջ աշխարհից:
Վահան Քերոբյանը միջոցառմանը նվիրված ասուլիսում ուրախությամբ նշեց, որ արդեն երկրորդ անգամ է իրականացվում «Գիտության եւ գործարարության օրեր» համաժողովը՝ վստահեցնելով, որ ոչ մի ջանք չեն խնայելու, որ այն դառնա մի հարթակ, որը կմիավորի գիտության եւ բիզնեսի աշխարհները՝ խթանելով նորարարությունը, համագործակցությունը եւ առաջընթացը: ««Գիտության եւ գործարարության օրեր 2022» առաջին համաժողովին ներկա էին ավելի քան 1000 մասնակիցներ, որոնց թվում էին գլխավոր հյուր եւ բանախոս, Նոբելյան դափնեկիր Արդեմ Փաթափությանը, հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը եւ այլք։ Համաժողովի շնորհիվ հայ հանրությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալու նրանց անցած ճանապարհին եւ գրանցած հաջողություններին անմիջապես իրենցից»,- ասաց Քերոբյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդգծեց, որ միջոցառման այս տարվա հիմնական բանախոս Նասիմ Նիկոլաս Թալեբը հայտնի գիտնական, գրող եւ փիլիսոփա է։ Նրա բեսթսելերները՝ «Սեւ կարապը» եւ «Հակափխրունությունը», շարունակում են խորը ազդեցություն ունենալ գիտության եւ գործարարության ոլորտների վրա։ Նասիմ Նիկոլաս Թալեբը լայնորեն ընկալվում է որպես փայլուն եւ ոչ ավանդական մտածող, որը մարտահրավերներ է նետում պայմանական իմաստությանը եւ խրախուսում մարդկանց մտածել շրջանակներից դուրս։
«Գիտությունը սոսկ ուսումնասիրության առարկա չէ. այն առաջընթացի, նորարարության եւ լուսավորության գլխավոր գործոններից մեկն է, որը մարդկությանը հասցրել է մեծ բարձունքների: Գիտական հայտնագործությունների միջոցով մենք ավելի խորը ըմբռնում ենք ձեռք բերել տիեզերքի մասին, բացահայտել կյանքի առեղծվածները եւ մշակել նոր տեխնոլոգիաներ, որոնք եղել են բեկումնային եւ հեղափոխել են մեր կյանքի բոլոր ոլորտները:
Մենք ունենք ավելի քան 4000 գիտնական, եւ մեր նպատակը պետք է լինի նրանց աշխատանքի արդյունքը բերել մեր առօրյա, ներդնել այն ապրանքարտադրության եւ ծառայության ոլորտներում, դարձնել հանրության համար հասանելի։ Պետք է հասնենք այն մակարդակին, երբ երիտասարդությունը կսկսի ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել գիտության նկատմամբ, եւ գիտությամբ զբաղվելը կդառնա ավելի հրապուրիչ եւ հեռանկարային»,- նշեց Վահան Քերոբյանը:
Նա ընդգծեց, որ այս համաժողովի միջոցով նպատակ ունեն կամրջել ակադեմիական գիտելիքն ու գործարար միջավայրի ժամանակակից պահանջները՝ հզորացնելով Հայաստանի արտադրական ներուժը եւ դրանով իսկ խթանել պետության տնտեսական աճը: Ըստ նախարարի՝ գիտելիքահեն նախագծերը մնայուն արժեք են պետության համար, եւ հաջողությամբ առեւտրայնացնելու պարագայում դրանք կարող են դառնալ Հայաստանի կարեւոր այցեքարտերից մեկը։
Հայտնի գիտնական, գրող եւ փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը տեսակապով ողջունեց բոլորին եւ նշեց, որ անհամբերությամբ սպասում է Հայաստան ժամանելուն:
ՖԻԼՄԸ՝ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՈՒՄ
Ռեժիսոր Կարեն Զախարովն օգոստոսի 1-ին Երեւանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում, ցուցադրեց «Բաբա Յագան փրկում է աշխարհը» ֆիլմը: Այն նկարահանել է «Արտեկ. մեծ ճանապարհորդություն» ֆիլմի ստեղծագործական խումբը։
Կինոնկարը հուզիչ արկած է ամբողջ ընտանիքի համար:
Պրոդյուսեր Քրիստինա Առուստամովան ուրախությամբ փաստեց, որ շատերը եկել են պրեմիերայի իրենց երեխաների հետ։ «Շատ կարճ ժամանակահատվածում նման արձագանք եղավ ֆիլմի մասին, ինչի առթիվ անչափ ուրախ ենք։ Մեծ պատասխանատվություն է ֆիլմն այստեղ ներկայացնել։ Սա ընտանեկան կինոնկար է, եւ ուրախ ենք, որ ընտանիքներով եք եկել»,-նշեց նա:
Ռեժիսոր, սցենարիստ, կրեատիվ պրոդյուսեր Արա Օգանիսյանը, որը Երեւանում էր հատուկ պրեմիերայի համար, ֆիլմի ցուցադրությունից առաջ նշեց. «Ինձ համար շատ հուզումնալից պահ է, քանի որ 23 տարի կինոարտադրության ոլորտում եմ, բայց ոչ մի անգամ Հայաստանում չեմ ներկայացրել աշխատանքներս։ Երեկ Մոսկվայում եղավ ֆիլմի ցուցադրությունը. ուրախ եմ, որ այսօր պրեմիերան Հայաստանում է։ Ես հույս ունեմ, որ այն դուր կգա հանդիսատեսին»։
Կինոարվեստի երկրպագուները «Բաբա Յագան փրկում է աշխարհը» ֆիլմը հայաստանյան կինոթատրոններում դիտելու հնարավորություն կունենան օգոստոսի 3-ից:
Հետաքրքրասեր դպրոցական Սենկան հրաշքով հայտնվում է առասպելական հնագույն անտառում։ Այն թաքնված է մարդկանց աչքերից Բաբա Յագայի հզոր հմայքով: Անտառում ակնհայտ ինչ-որ բան այն չէ։ Տագնապի ազդանշաններն ազդարարում են, որ կախարդանքն այլեւս չի գործում, եւ չար մոգության եւ վաղուց պարտված թշնամիների արթնանալը միայն ժամանակի հարց է:
Կրկին կախարդանք սփռելու համար Յագան ստիպված է մեկնել ժամանակակից քաղաք՝ փնտրելու կախարդների ամենահզոր զենքը՝ սքանչելի ծաղիկը։ Այնտեղ նա կհանդիպի ժամանակակից աշխարհի շատ տարօրինակությունների։ Միեւնույն ժամանակ արդեն հազար տարի մութ բանտում թաքնված է վրեժի ծարավ Կոշչեյ Անմահը։ Հենց Յագան է օգնել նրան հաղթել շատ դարեր առաջ: Սենկան մտել է հեքիաթի մեջ, բայց կկարողանա՞ արդյոք փախչել այդտեղից, կկարողանա՞ օգնել փրկել մեր աշխարհը, եւ ո՞ւմ կողմից է նա պայքարելու՝ բարու՞, թե՞ չարի, ամենակարող Կոշչեյի՞, թե՞ խորամանկ Յագայի կողմից։
Ֆիլմի սցենարի հեղինակներն են Յուրի Նենեւին, Եվգենի Վիխարեւը, պրոդյուսերներ՝ Արմեն Անանիկյան, Ալեքսանդր Մորոզով, Արա Օգանեսյան, օպերատորներ՝ Վլադիմիր Զվեզդոչկին, Օլեգ Եֆրեմով, կոմպոզիտոր՝ Իգոր Բաբաեւ։
Դերերում՝ Լյուդմիլա Արտեմեւա, Յան Ցապնիկ, Գլաֆիրա Տարխանովա, Օլեսյա Ժելեզնյակ, Գրիգորի Սիյատվինդա, Մարատ Բաշարով, Ալեքսեյ Դմիտրիեւ, Ալեքսանդր Իլյին, Սավելի Կուդրյաշով, Օլգա Նաումենկո եւ այլք։
ՀԱՂԹԵՑ ՄՈԼԴՈՎԱՅԻՆ
Հայաստանի բասկետբոլի կանանց Մ18 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:
Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 75-45 հաշվով հաղթեց Մոլդովայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Անի Մկրտչյանն էր՝ վաստակած 22 միավորով: Նա նաեւ 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին: Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին` մրցելով Կոսովոյի հետ:
ՑԱՎՈՏ ՀԵՌԱՑՈՒՄ
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է 31-ամյա սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի տեղափոխությունը իր ղեկավարած թիմից Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր»։
«Երբեմն ամեն ինչ ընթանում է ոչ այնպես, ինչպես պատկերացնում ես։ Ես լիովին հասկանում եմ, որ հրաժեշտը նրան ցավ է պատճառում։ Երկուսս էլ ընդունեցինք այս իրավիճակը եւ տեղի ունեցողը։ Լավ չէ, բայց ստեղծված իրավիճակի բոլոր մասնակիցների համար լավագույն լուծումն էր»,- Տուխելի խոսքը մեջբերում է FCB Inside-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալ Նասրը» Մանեի տրանսֆերի համար կվճարի 40 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը կստանա տարեկան 40 միլիոն եվրո։
Մանեն անցած ամռանն էր անգլիական «Լիվերպուլից» 32 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Բավարիա», որի կազմում մասնակցեց 38 հանդիպման, խփեց 12 գոլ, կատարեց 6 գոլային փոխանցում։
ՀԱՄԱԼՐՈՒՄ՝ «ՆՈԱ»-ՈՒՄ
Երեւանի «Նոա» ֆուտբոլային ակումբը շարունակում է համալրել կազմը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Նոա»-ն պայմանագիր է կնքել 33-ամյա սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչի հետ: Ֆուտբոլիստը Բելգրադի «Պարտիզանի» սան է, որի կազմում նա 4 անգամ դարձել է Սերբիայի չեմպիոն եւ կրկնակի գավաթակիր։ Իր կարիերայի ընթացքում Ալեքսանդրը խաղացել է տարբեր ակումբներում, այդ թվում՝ «Բրագա»-ում, խորվաթական «Սպլիտ»-ում, Պերմի «Ամկարո»-ում, լեհական «Միեդժ Լեգնիցա»-ում, «Ալաշկերտ»-ում: Միլկովիչը հրավիրվել է Սերբիայի Մ-19 եւ Մ-21 հավաքական։ 2022/23թթ. մրցաշրջանում սերբ պաշտպանը հանդես է եկել «Փյունիկ»-ում՝ Հայաստանի բազմակի չեմպիոնի կազմում, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում մասնակցել է 5 խաղի, իսկ ընթացիկ մրցաշրջանում 3 հանդիպում անցկացրել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում։ Թիմին է միացել նաեւ 19-ամյա իսրայելցի պաշտպան Ահմադ Սվիթին։ Ֆուտբոլիստը իր կարիերան սկսել է «Քֆար Յասիֆ»-ում, նրա վերջին ակումբը եղել է Հապոելի «Կիրյաթ Շմոնա» երիտասարդական թիմը։