Բլոգոլորտի փորձագետ Կարեն Վրթանեսյանն Armlur.am-ի հետ զրույցում բավականին թերի որակեց ԱԺ-ում շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է լրատվամիջոցների նկատմամբ պատասխանատվություն սահմանել: Եթե նախագիծն ընդունվի, ապա Ֆեյսբուք սոցիալական ցանցից անանուն օգտատիրոջ էջերի` վիրավորական և զրպարտական բնույթի տեղեկատվությունը հրապարակելու համար լրատվամիջոցները կտուգանվեն:
Նրա կարծիքով՝ այն մարդիկ, ովքեր ցանկանում են «ֆեյքերի» միջոցով ինչ-որ մեկին զրպարտել կամ վիրավորել, հանգիստ կարող են շրջանցել այդ օրենքը:
«Մյուս կողմից՝ օրենքի այն մասը, որը վերաբերում է մեկնաբանություններին, կարող է օգտագործվել լրատվամիջոցների դեմ՝ որպես ճնշման միջոց: Օրինակ՝ լրատվական կայքին վնասել ցանկացողը կարող է կեղծ գրանցումով շաբաթ գիշերով բազմաթիվ վիրավորական մեկնաբանություններ գրել, հետո մեկ այլ «խաղացող» դատի կտա՝ պնդելով, որ ժամանակին չեն հեռացրել վիրավորական մեկնաբանությունները»,- պարզաբանեց փորձագետը՝ հավելելով, որ օրինագծում հստակեցված չէ, թե ով իրավունք ունի պահանջել հեռացնել այս կամ այն մեկնաբանությունը:
Լիլիթ Լալայան