Armlur.am-ի հետ զրույցում հանրահայտ բլոգգեր Տիգրան Քոչարյանը (Փիղ) վաղուց պահանջված համարեց ԱԺ-ում շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է լրատվամիջոցների նկատմամբ պատասխանատվություն սահմանելը: Եթե նախագիծն ընդունվի, ապա Ֆեյսբուք սոցիալական ցանցից անանուն օգտատերերի էջերի ` վիրավորական և զրպարտական բնույթի տեղեկատվությունը հրապարակելու համար լրատվամիջոցները կտուգանվեն:
Բլոգգերի խոսքով վաղուց անհրաժեշտություն կար նման օրինագծի, քանի, ըստ բլոգգերի, համացանցում անպատասխանատու կոչեր են լինում և հնարավոր չէ վիրավորողին կամ հայհոյողին գտնել: Ստացվում է, որ լրատվամիջոցը լեգիտիմիզացնում է այդ «ֆեյքին» ՝ փորձելով պատասխանատվություն չկրել դրա համար:
«Մի բան է, երբ այդ կարծիքը հնչում է սոցցանցերում, այլ բան է, երբ դու այն տեղափոխում ես լրատվական դաշտ ՝ «ֆեյքի» կարծիքը դարձնելով ավելի հաստատուն: Կարծում եմ, որ դրա համար լրատվամիջոցը պետք է պատասխանատվություն կրի: Յուրաքանչյուր մարդ պետք է պատասխանատվություն կրի ասածի համար, իսկ մարդիկ, հանդես գալով «ֆեյքերերի» անունից խուսափում են պատասխանատվությունից»,- նկատեց Տիգրան Քոչարյանը ՝ շեշտելով, որ դա ամենևին կապ չունի խոսքի ազատության սահմանափակման հետ, քանի որ ազատությունը տարածվում է այնքան, մինչև չի խախտվում ուրիշի ազատությունը:
Լիլիթ Լալայան