«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում 2022 թվականի նոյեմբերի 18-ին Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ընդգրկված Աբովյան 3 հասցեի շենքը (հանրության շրջանում հայտնի «ԱՕԿՍ»-ի շենքը) Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու նպատակով հայց էր հարուցել Վարչական դատարան:
Նշենք, որ հայց հարուցելու հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության մինիստրների սովետի 1955 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 699 կարգադրությամբ՝ Արտասահամանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի՝ «ԱՕԿՍ»-ի հաշվեկշռին հանձնվել էր գույք, այդ թվում՝ Աբովյան 3 հասցեի շենքը:
Հետագայում՝ 1992 թվականի հուլիսի 30-ին, ստեղծվել է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի եւ համագործակցության հայկական ընկերություն» կազմակերպությունը, որը, առանց օրինական հիմքերի, հանդես է եկել որպես Արտասահամանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի իրավահաջորդ եւ 2001 թվականին, ներկայացնելով իր ստեղծումից շուրջ 37 տարի առաջ ընդունված վերոհիշյալ կարգադրությունը, ստացել է «ԱՕԿՍ»-ի շենքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական:
Նկատի ունենալով վերոգրյալը՝ Գլխավոր դատախազությունը Վարչական դատարան ներկայացված հայցով պահանջում էր անվավեր ճանաչել Կադաստրի կոմիտեում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի եւ համագործակցության հայկական ընկերության 2001 թվականի հուլիսի 3-ին եւ «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության անվամբ 2011 թվականի նոյեմբերի 25-ին կատարված իրավունքի պետական գրանցումները:
Հավելենք, որ հայցադիմումը Վարչական դատարան էր մուտքագրվել 2022 թվականի նոյեմբերի 22-ին:
2023 թվականի սեպտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության եւ «ԱՕԿՍ»-ի շենքի սեփականատերերի միջեւ կնքվել է հաշտության համաձայնություն: Համաձայնությունը նույն օրը մուտք է արվել Վարչական դատարան:
Դատարանի կողմից հաշտության համաձայնությունը հաստատվելուց հետո Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ շենքի եւ 0,0467 հա մակերեսով հողամասի սեփականության իրավունքը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի ապօրինի մասնավորեցման վերաբերյալ քննվող քրեական վարույթով նախաքննությունը Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է:
ՉՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐ
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ոսկյա ձուլակտորներ ներմուծելու վերաբերյալ չորս վարույթ:
«Ժողովուրդ» օրաթերթը գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից տեղեկանում է, որ 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում զննման են ենթարկվել Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած քաղաքացիների ուղեբեռները:
Զննման արդյունքում հայտնաբերվել են Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակնհայտ առեւտրային չափաքանակի, գործարանային արտադրության ոսկյա ձուլակտորներ, որոնց չափը գերազանցել է Կառավարության որոշմամբ հաստատված ոչ առեւտրային չափաքանակը՝ 10 կիլոգրամը. կազմվել են մաքսանենգության դեպքերի վերաբերյալ արձանագրություններ:
2022 թվականի հոկտեմբերի 27-ին 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 1-ին մասով (մշակութային արժեքների եւ ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների մաքսանենգություն, որը կատարվել է սահմանված կարգով չհայտարարագրելու միջոցով):
2023 թվականի մայիսի 29-ին մեղադրյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (ռեաբիլիտացնող) հիմքով, այն է՝ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը (ԵԱՏՄ շրջանակներում մաքսային հսկողության եւ մաքսային հայտարարագրման գործընթաց առհասարակ նախատեսված չէ):
Նշենք, որ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից կիրառվել են դատախազական ներգործության միջոցներ, որոնց արդյունքում 7 անձանց մեղադրանքը փոփոխվել է, նրանց արարքը որակվել է Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով (hարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը):
Արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 151 մլն 713 հազար 273 դրամի վնասը, իսկ վերոնշյալ անձանց նկատմամբ, Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա (եթե անձն ամբողջությամբ վճարել է չվճարված հարկերը, տուրքերը կամ այլ վճարները եւ դրանց չվճարման համար հաշվարկված տույժերը, ազատվում է քրեական պատասխանատվությունից), կայացվել են քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներ, այդ թվում՝ ոչ ռեաբիլիտացիոն հիմքով:
ԿԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 11-ին Հայաստան-Խորվաթիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Խորվաթիայի երկու քաղաքացիներ եւ մեկ ՀՀ քաղաքացի:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրանք բացատրություն են տվել, թե ինչի համար են վիճել, ու բաց են թողնվել։
Հիշեցնենք, որ երեկ ֆուտբոլային խաղի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել հայ եւ խորվաթ երկրպագուների միջեւ, իսկ խաղն ավարտվել է Հայաստանի հավաքականի պարտությամբ։
ՀԱՇՎԱՊԱՀԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արմեն Խանամիրյանին մեղադրանք է առաջադրվել։
Նա, 2011 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահ եւ օգտվելով «Հաշվապահական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության» օրենքի 9-րդ հոդվածով գլխավոր հաշվապահին վերապահված լիազորություններից, 2017 թվականի փետրվարի 15-ից մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում միջոցներ տրամադրելու՝ կեղծ կատարողական ակտերն օգտագործելու եւ իրացնելու եղանակով օժանդակել է «Սեքյուրիթի Դրիմ» եւ «ԱԷլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերությունների համահիմնադիրներ Ալեքսան եւ Գուրգեն Զաքարյաններին։
Նաեւ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանի կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու մեկ միասնական դիտավորությանը, եւ Ս. Սահակյանի ու Ա. Զաքարյանի կողմից նախնական համաձայնությամբ կազմված՝ ծառայությունների մատուցման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ կատարողական ակտերը ստանալով եւ տեղյակ լինելով դրանց կեղծ լինելու հանգամանքի մասին, նշված կատարողական ակտերը տնօրեն Կ. Կարապետյանի հետ օգտագործել, եւ դրանց հիման վրա կազմել են հանձնման-ընդունման արձանագրություններ։
Դրանց հիման վրա՝ Ա. Խանամիրյանը կազմել է հարկային հաշիվներ եւ դրանք իրենց ամբողջության մեջ իրացրել, ներկայացրել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ֆինանսական բաժանմունք՝ խաբեության եղանակով Հայաստանի Հանրապետությունից հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 770.960.963 ՀՀ դրամ գումար։