Վարդենիսցիները բողոքում են. վտանգված է Քարվաճառի ավտոճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ այս պահին մի խումբ վարդենիսցիներ հավաքվել են Վարդենիս քաղաք մտնող ավտոճանապարհի մոտ, և քիչ անց փակելու են այն: Դեպի Քարվաճառ տանող ռազմավարական նշանակություն ունեցող ավտոճանապարհի երթևեկությունը կաթվածահար անելու քայլը, մարդկանց գնահատմամբ, վաղուց է հասունացել:

Մարդիկ բողոքում են քաղաքի ոստիկանապետ Վալերի Բաղյանից. նա վերջերս է նշանակվել այդ պաշտոնում և արդեն հասցրել է բռնություններ գործադրել շատերի նկատմամբ: Բողոքավորներին հատկապես զայրացնում է այն փաստը, որ Բաղյանն անհիմն կերպով բերման է ենթարկում քաղաքացիներին, և նշանակման առաջին օրերից գրեթե բոլորի տներում (անգամ՝ կրկնակի խուզարկությունների ճանապարհով) ոսկու հանքանյութ է փնտրում:

Սոտքի ոսկու հանքից հանքաքար գողանալը աշխատատեղ չունեցող քաղաքի բնակչության հիմնական ապրուստի միջոցն է: Նոր ոստիկանապետն էլ որոշել է «կարգ ու կանոն» հաստատել՝ արդեն տասնյակ տարիներ ավանդույթ դարձած ապրելակերպը փոխելով:

«Մենք գիտենք, որ մեր գյուղացիք վատ բան են անում՝ հանքից ոսկի հանելով: Բայց ի՞նչ անեն, ճար չունեն, ո՞նց ապրեն: Էս միլպետն էլ դրել բոլորին տեռորի է ենթարկում. Մարդ կա՝ տունն արդեն երրորդ անգամ են խուզարկում գազան-վայրենու նման: Էրեխեքը միլիցու ավտո տեսնելիս չորանում են վախից: Սենց ապրել չի լինի: Մարդկանց էլ տանում վախացնում են, թե՝ չբողոքեք, ձեն չհանեք. Սենց ո՞նց կլնի»,-Armlur.am-ի թղթակցին դժգոհեց հավաքված քաղաքացիներից մեկը:

Տեղեկացնենք, որ այս պահին խմբված վարդենիսցիները շարժվում են դեպի քաղաքապետարան:

Մանրամասները՝ քիչ անց:




Լրահոս