Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է Ղարաբաղի հարցով հաշտության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, բայց նախապայմաններով:
«Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փարիզյան հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են ստեղծված հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների շուրջ իրավիճակին»,-ԱՊԱ-ին է հայտարարել նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:
Վերջինս նշել է, որ հանդիպման ժամանակ անհանգստություն է արտահայտվել՝ կապված ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հետ: Նախարարը նաեւ հայտարարել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է ստորագրել բազմակողմ պայմանագիր, սակայն խաղաղ գործընթացի առաջխաղացման համար «Հայաստանի զինված ուշերը նախ պետք է դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: Հիշեցնենք, որ խոսքը ԼՂՀ շուրջ անվտանգության գոտու տարածքների մասին է, որոնք ԼՂՀ ԶՈւ վերահսկողության տակ են:
Հանդիպումը կայացել է մարտի 10-ին: Դրան մասնակցել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ժակ Ֆորը, Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: