ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ՈՒ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի 9 ամիսների արդյունքում կազմել է 4 տրլն 454 մլրդ դրամ. «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը, այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։

 

«Դրամային եւ դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքը 2023թ. 9 ամիսների ընթացքում աճել է 6.4 տոկոսով։ Այն աճել է համամասնորեն, քանի որ փոխարժեքը, ըստ էության, նախորդ տարվա տարեվերջի համեմատ՝ մեծ տատանում չի ունեցել: Կենտրոնական բանկի պարտքը նվազել է, իսկ կառավարության պարտքն աճել է մոտ 7 տոկոսով: Պետական պարտքը կազմել է 4 տրլն 454 մլրդ դրամ: Նախորդ տարվա տարեվերջի 4 տրլն 186.7 մլրդ դրամի դիմաց՝ կառավարության պարտքը կազմել է 4 տրլն 244 մլրդ դրամ, արտաքին պարտքը՝ 2 տրլն 354 մլրդ դրամ, ներքին պարտքը՝ 1 տրլն 890 մլրդ դրամ»,-ասաց Սիրունյանը:

Դոլարային արտահայտությամբ պետական պարտքը 9 ամսում կազմել է 11 մլրդ 322 մլն դոլար, կառավարության պարտքը՝ 10 մլրդ 790 մլն դոլար, Կենտրոնական բանկի պարտքը՝ 531 մլն դոլար:

Փոխնախարարի վստահեցմամբ՝ ընդհանուր առմամբ, կառավարության պարտքի գծով սահմանված բոլոր ուղենիշերը պահպանվել են, իսկ պարտքի միջին տոկոսադրույքը նախորդ տարեվերջի նկատմամբ աճել է 0.7 տոկոսային կետով: Ըստ էության, պարտքի կառավարման տեսանկյունից Հայաստանը գտնվում է ռիսկի սահմանված ուղենիշների շրջանակներում:

«Կառավարության պարտքի կառուցվածքը բարելավվել է, ժամանակահատվածի վերջին դրությամբ աստիճանաբար ավելացել է դրամային պարտքի մասնաբաժինը, ներքին պարտքի եւ դրամային պարտատոմսերի մասնաբաժինն ենք ավելացնում աստիճանաբար: Ֆիքսված տոկոսադրույքով պարտքը գերազանցել է ռազմավարությամբ սահմանված նվազագույն 80 տոկոսի ցուցանիշը, այս պահին կազմում է 84 տոկոս»,-ասաց փոխնախարարը:

Նշենք նաեւ, որ Հայաստանում պետական բյուջեի եկամուտներն այս տարվա 9 ամիսների արդյունքում կազմել են 1 տրլն 708 մլրդ դրամ՝ 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 13.8 տոկոսով:

Փոխնախարարն ընդգծեց, որ 2023թ. 9 ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտները շարունակել են աճել բարձր տեմպով՝ պայմանավորված հիմնականում բարձր տնտեսական աճի պայմաններում հարկային բազայի ընդլայնմամբ, ինչպես նաեւ հարկային վարչարարության ջանքերով:

Հավելենք, որ հավելուրդը կազմել է 74.6 մլրդ դրամ՝ պլանավորված 248.4 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:

 

 

ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ՝ ԼԱՐՍՈՒՄ

Հայ-ռուսական հարաբերությունների լարումից եւ ՀԱՊԿ գագաթնաժողովներին Հայաստանի չմասնակցելու պատճառով ռուսական կողմը լարվել է նաեւ հայ տնտեսվարողների դեմ։

Ըստ  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հայ տնտեսվարողներին Լարսի անցակետից հետ են ուղարկել Հայաստան՝ ասելով. «Գնացե՛ք եւ պատճառը ձեր կառավարությունից հարցրե՛ք»։ Տնտեսվարողները դեպի Ռուսաստան արտահանում էին բանջարեղեն, սննդամթերք, ծաղիկներ, նաեւ ձկնեղեն։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրանք նշում են, որ Լարսի անցակետում գտնվող «Ֆիտո» սանիտարական կետում սննդամթերքների լաբորատոր հետազոտություններից հետո նրանց թղթերը հետ են վերադարձրել եւ հետ ուղարկել Հայաստան։

«Ժողովուրդ» օրաթերթին տնտեսվարողները հայտնեցին, որ իրենք այդ ստուգումներն ամեն անգամ անցել են, սակայն այս անգամ նրանց ակնհայտ ատելությամբ են վերաբերվել։

Հավելենք նաեւ, որ սա հետեւանք է Հայաստանի կառավարության ոչ աչալուրջ քայլերի։

Նշենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովներին չմասնակցելուց հետո Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը կվերականգնի ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությունը։

Տեղեկություններն առաջիկայում կթարմացվեն։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ

ՀՀ  պետբյուջեի ծախսերի մասի կատարողականը 2023թ. կազմել է 84,6 տոկոս. այս մասին Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստին՝ 2023թ. ինն ամիսների պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ՝ նոյեմբերի 27-ին, ասել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։

2022թ. այդ ցուցանիշը 86,6 տոկոս էր։ Կապիտալ ծախսերի գծով կատարողականը կազմել է 57,4 տոկոս։ Անցած տարի այդ ցուցանիշը կանգ է առել 63,2 տոկոսի մակարդակի վրա։

«Ծախսերի մեծ մասը բաժին է ընկել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը։ Խոսքը մոտավորապես 507 մլրդ դրամի մասին է։ Պաշտպանության նախարարության ծախսերը կազմել են 301,2 մլրդ դրամ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ծախսերը կազմել են 192,6 մլրդ դրամ»,- նշել է Սիրունյանը։

 

 

 

ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐ ՉԿԱՆ

ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն՝ դեկտեմբերի 6-ից պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք եւ մթերք հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, միաժամանակ կայացվելու է խմբաքանակի առգրավման եւ ոչնչացման որոշում: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ հարցնելով, թե մարզի համայնքներում քանի սպանդանոց է գործում։ Մարզպետի պատասխանում նշված է. «Մարզում գործում է 3 սպանդանոց՝ Նոյեմբերյան (ք. Նոյեմբերյան), Բերդ (ք. Բերդ), Իջեւան (Գետահովիտ) համայնքներում։  Դիլիջան համայնքում սպանդանոց չկա, ֆերմերներն օգտվում են Իջեւանի սպանդանոցի ծառայություններից»։

Զբոսաշրջային քաղաք, բազում  հյուրանոցներ, հյուրատներ  ու ռեստորաններ ունեցող  Դիլիջան քաղաքում եւ Դիլիջան համայնքի  6 գյուղերում սպանդանոց չկա։ Մարզպետի այն պնդումը, թե  դիլիջանցի   ֆերմերներն օգտվում են Իջեւանի սպանդանոցի ծառայություններից, իրականությանը չի համապատասխանում։

Անհավատալի է, որ երբ  Դիլիջան քաղաքում  մի ոչխար, այծ, խոզ կամ կով են ցանկանում մորթել, այդ անասունը բարձում են բեռնատարին, քշում 34 կիլոմետր, հասնում Իջեւանի սպանդանոց, անասունն այնտեղ մորթում եւ վերադառնում են  Դիլիջան։

 

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ ՄԵՐԺԵԼ Է

Նոյեմբերի 23-ին կայացել է Բերդ համայնքի ավագանու նիստ, որի օրակարգում հետեւյալ հարցն էր՝ տալ թույլտվություն՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի վարչական սահմաններում գտնվող Տավուշ – Խնձորուտ հանքային դաշտի տարածքում՝ որպես ընդերքի տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով 3 տարի ժամկետով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ: Նիստի մասնակից ավագանու բոլոր 15 անդամները դեմ են քվեարկել այդ թույլտվության տրամադրմանը։ Ավելի վաղ` հոկտեմբերի 26-ին՝ Բերդ քաղաքի մշակույթի տանը կայացած հանրային լսումների ընթացում, Բերդ խոշոր  համայնքի բնակիչները դեմ էին արտահայտվել  «Վալլեքս գրուպ»-ի կազմի մեջ մտնող  «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից Տավուշ – Խնձորուտ հանքային դաշտի տարածքում՝ որպես ընդերքի տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս