ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ամալիա Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2023 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ժամանելով Երևան քաղաքի Շիրակի փողոցի 4/12-րդ հասցեում գործող «Արման ընդ Պարտնիոր» ՍՊ ընկերությանը պատկանող տարածքում գործող իր աշխատանքի վայր և տեսնելով, որ Քնարիկ Զալոյանի «LEXUS RX 350» մակնիշի 11 ՍԱ 505 հաշվառման համարանիշի ավտոմեքենան կայանված է ընկերության մուտքի դիմաց և փակել է այն։
Ապա վրդովվել է և բարձրացել Ք. Զալոյանի աշխատասենյակ, որտեղ վիճաբանել է վերջինիս հետ, իր ձեռքում առկա «Iphone» տեսակի բջջային հեռախոսով մեկ անգամ հարվածել է Քնարիկ Զալոյանի առջևում դրված համակարգչին, որից հետո դիտավորությամբ մեկ անգամ նույն հեռախոսով հարվածել է վերջինիս աջ աչքի հատվածին, որի արդյունքում նրա առողջությանը պատճառել է աջ ստորհոնքային շրջանի պատռված վերքի ձևով թեթև աստիճանի մարմնական վնասվածք՝ առողջության կարճատև քայքայումով:
Նշենք, որ ընկերության սեփականատերը Արթուր Մուրադյանն է, որին հեղափոխությունից հետո կառավարությունը արտոնություն տվեց։ Մասնավորապես, գործադիրն ընդունեց Ներդրումային ծրագրի շրջանակներում «Արման ընդ պարտնյոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին որոշման նախագիծը:
ՀՀ տնտեսական զարգացումների և ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանը նշել էր, որ «Արման ընդ պարտնյոր» ՍՊ ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում նախատեսում է կառուցել սառնարանային պահեստներ, մասնավորապես՝ գյուղմթերքի պահպանման համար։
Քնար Մանուկյան