Արցախի կրթության նախկին նախարարը՝ Հ.Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Այս մասին Լուսինե Ղարախանյանը տեղեկացրել է իր «Ֆեյսբուքի» էջում.

«Այսօր նշանակվել եմ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի տնօրենի պաշտոնում (ԺՊ)։

Գրականություն, իմաստասիրություն, արվեստագիտություն, մարդաբանություն կրող և փոխանցող Թումանյան։ Մանկության և պատանեկության տարիներին նա ինձ համար բարու ուղենիշ ու խորհրդանիշ էր։ Երիտասարդության տարիներին «կտրվեցի» նրանից։ Մտերմացել էի արևմտյան գրողներին ու ստեղծագործություններին։

Այսօր Թումանյանին մոտ գտնվելու, Թումանյան քարոզելու, Թումանյան կրելու, Թումանյանին նմանվելու և Թումանյանից դասեր քաղելու արժանապատիվ պայմաններ են ստեղծվել։ Բարեշրջության, խորքային մարդասիրության, ժողովուրդների հոգեբանությունն ու մարդկային իդեալը բացառապես հոգևոր մտակարգում դիտարկող Թումանյանի մեջ կսփոփեմ նաև Արցախի` իմ ցավը։

Անհունը կամրջող, համընդհանուր պատճառականությունից ու պայմանականություններից զերծ թումանյանականության մեջ կզգամ գեղեցիկի, բարու և ճշմարիտի հավաքական ներուժը, իսկ բանահյուսական կառուցակերտ ստեղծագործություններում և մշակումներում կնորոգեմ հավատս «ժողովուրդների ազնվացման», «բարոյական մեծության», «կատարելության սահմանի» և թումանյանական այլ արժեքների նկատմամբ։

Թումանյանի հետ հեշտ կլինի մանկություն վերադառնալն ու այն վերաարժևորելը, ցավի հետ ապրելն ու այն իմաստավորելը, կորցրածի հետ չհաշտվելն ու չհրաժարվելը…

Գործել Թումանյանի թելադրանքով Թումանյանին լավագույնս ճանաչող, Ամենայն Հայոց բանաստեղծի ֆենոմենը սերունդներին փոխանցող թանգարանի կոլեկտիվի և ոլորտը համակարգող կառույցի հետ։

Շնորհակալ եմ Ժաննա Անդրեասյանին՝ առաջարկի համար»։




Լրահոս