ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ՝ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները 2023-ին հյուրընկալել են շուրջ 1.2 մլն այցելուի, իսկ պետական բյուջեից թանգարանների եւ գրադարանների ոլորտին հատկացվել է շուրջ 2.7 մլրդ դրամ:

 

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

«2023-ին մշակվել եւ շրջանառվում է Թանգարանների զարգացման, կառավարման հիմնադրամը, որը պետք է աջակցող մարմին լինի թանգարանների համար եւ իր վրա վերցնի թանգարանների բեռը՝ մարքեթինգի, հանրահչակման եւ այլ գործառույթներ: Այս հիմնադրամը թանգարաններին հնարավորություն կտա ավելի շատ տեսանելիություն ունենալ, ավելի շատ այցելուներ հյուրընկալել եւ բարձրորակ միջոցառումներ կազմակերպել»,-նշել է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ կառավարման համակարգում արդիականացում իրականացնելով՝ գնում են օպտիմալացման:

«Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը միացրել ենք Հրազդանի երկրագիտական թանգարանին: Այս կառույցները դարձել են Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ: Մենք այդ ճանապարհով ենք գնում, քանի որ նման պարագայում մարզային թանգարանները կարողանում են կիրառել Հայաստանի պատմության թանգարանի փորձը եւ հնարավորությունները»,- հավաստիացրել է նա։

Քոչարյանը 2023-ի կարեւոր նախաձեռնություն է համարում միասնական էլեկտրոնային տոմսային համակարգը: Ծրագիրն արդեն պատրաստ է, եւ հաջորդ տարի տեխնիկական հագեցվածությունը կապահովվի:

Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ սահմանվել են նախարարության ենթկայությամբ գործող թանգարանների, արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության եւ բացատրության (էքսկուրսիա) տոմսերի նոր սակագներն ու արտոնությունները, որոնց համաձայն՝ մինչեւ 12 տարեկան երեխաների եւ Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների մուտքն անվճար է: Փոփոխվել ու վերանայվել է նաեւ դպրոցական բաժանորդային համակարգը:

«Կապիտալ վերազինման ուղղությամբ եւս լուրջ աշխատանք է իրականացվել. վերականգնվել է 2009 թվականից դադարեցված ՀՀ թանգարանային ֆոնդի համալրման նպատակով բյուջետային միջոցների տրամադրումը: 2023 թվականին տրամադրվել էր 44 մլն 320 հազար դրամ: Այդ գումարի շրջանակում պետական միջոցներով գնվել են թանգարանների ֆոնդերին անհրաժեշտ արժեքներ, իսկ մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը պետական աջակցությամբ համալրվել է  ֆիզիկաքիմիական լաբորատոր սարքավորումներով»,- նշել է նախարարի տեղակալը:

Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցասրահների կապիտալ նորոգում է ընթանում: Նախարարությունը որոշել է այն ամբողջությամբ վերակառուցել, նորոգել: Գործընթացը կշարունակվի նաեւ հաջորդ տարի:

«Պատկերասրահից բացի, այլ թանգարանների գույքային կապիտալին ուղղվել են գումարներ: Հայաստանի ազգային գրադարանի ցանցային սերվերն ենք ձեռք բերել, գումար ենք հատկացրել, որով վերանորոգվելու են սանհանգույցները, Շարամբեյանի անվան թանգարանի սանհանգույցն է վերանորոգվելու, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի շքամուտքն է նորոգվելու, վերանորոգվել են  Մինաս Ավետիսյանի եւ Գեւորգ Գրիգորյանի (Ջոտտոյի) թանգարանները, որոնք նաեւ վերաբացվել են, մեկնարկել են  Հովհաննես Թումանյանի թանգարանի վերանորոգման աշխատանքները»,-ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

 

 

«ՑԵՆԶՈՒՐԱՅԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՆ ԱՆՄՏՈՒԹՅՈՒՆ Է»

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի՝ «Գոյ» թատրոնի հետ կապված խնդիրներին:

 

Նախարարն ասաց, որ «Գոյ» թատրոնում վերակազմակերպման գործընթաց է: Որպես ստեղծագործական միավոր՝ թատրոնի հետ որեւէ բան տեղի չի ունենում, նախարարությունը շարունակելու է ֆինանսավորել թատրոնի խաղացանկը:

«Մենք ունենք վերակազմակերպման պարզ գործընթաց, երբ «Գոյ» թատրոնն իր խաղացանկով, իր ստեղծագործական ազատությամբ եւ ֆինանսավորմամբ ընդամենը գործում է Սունդուկյան թատրոնի հովանու ներքո: Որեւէ բան տեղի չի ունենում «Գոյ» թատրոնի հետ՝ որպես ստեղծագործական միավոր: Մենք խոսում ենք երկու ՊՈԱԿ-ների միավորման գործընթացի մասին, որոնք գործում էին մեկ շենքում»,- ասաց նախարարը:

Ըստ Անդրեասյանի՝ «Գոյ»-ի կոմունալ ծախսերն անգամ Սունդուկյան թատրոնն է վճարել: Այսինքն՝ այդ իմաստով էլ ամբողջապես անկախ ու ինքնավար իրավիճակ չի եղել: Այժմ կլինի մեկ ՊՈԱԿ, որի ներքո գործելու է նաեւ «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին ստեղծագործական միավոր:

««Գոյ» թատրոնը ստանալու է հավելյալ հնարավորություններ, քանի որ Սունդուկյան թատրոնի բեմերն ու տարածքները շատ ավելին են: Կարծում եմ, որ դերասանական կազմն ու ռեժիսորները կարող են նաեւ նոր մտահղացումներ ունենալ՝ դրանք իրագործելու նաեւ այդ ենթակառուցվածքի պայմաններում: Կարծում եմ՝ սա պետք է բերի միայն ստեղծագործական ազատության, նախաձեռնողականության եւ նոր ծրագրերի: Եվ զարմանում եմ, որ, դրանց անցնելու փոխարեն, մենք հիմա զբաղված ենք ինչ-որ խոսակցություններով, որոնք, ըստ էության, կապ չունեն իրականացվող գործընթացի հետ»,- ասաց նախարարը:

Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվեց՝ նախարարությունը շարունակելու է արդյոք ֆինանսավորել «Գոյ» թատրոնի խաղացանկը, եւ ստեղծագործական-բովանդակային առումով որեւէ կերպ այս փոփոխությունից թատրոնը չի տուժելու:

Նախարարը հաստատեց՝ ընդգծելով, որ ցենզուրայի մասին որեւէ բան խոսելն անմտություն է: Խաղացանկը թատրոնն է որոշում: Ահնհրաժեշտության դեպքում ԿԳՄՍՆ-ում եւս մեկ հանդիպում կարող է կայանալ:

 

 

ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

Ղազախստանում տեղի է ունեցել օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիպակովայի 9-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը:

Կապանցի մարզիկը 2024-ի առաջին մրցաշարում ցատկել է 16.26մ եւ արժանացել արծաթե մեդալի: Մրցաշարին մասնակցել է 8 երկրի ավելի քան 70 մարզիկ:

Նշենք, որ 2015 թվականից կազմակերպվող ամենամյա մրցաշարն արտոնագրված է եւ ստացել է World Continental Bronze Tour կարգավիճակ, ինչպես նաեւ վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:

 

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

Իտալիայի Սուպերգավաթի եզրափակչում Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստներից ամենաբարձր գնահատականները ստացել են Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւ աշխարհի չեմպիոն՝ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը: Չեմպիոն «Նապոլիի» դեմ եզրափակիչում երկու խաղացողների գործողություններն էլ գնահատվել են հավասար՝ 7 գնահատականով: Իտալիայի թիմը հաղթել էր 1:0 հաշվով, միլանյան թիմի հաղթական գոլը խփել է Լաուտարո Մարտինեսը 91-րդ րոպեին՝ ավելացված ժամանակում: Ինտերը» երրորդ տարին անընդմեջ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը։

 

ՕՏԱՐ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ

Արսեն Ջուլֆալակյանը փոխել է սպորտային քաղաքացիությունը. այս մասին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը: «Արսեն Ջուլֆալակյանն արդեն 4 տարի է, ինչ Հայաստանի դրոշի ներքո հանդես չէր գալիս: Նա որոշում է կայացրել սպորտային քաղաքացիությունը փոխել, եւ հանդես է գալիս Արգենտինայի դրոշի ներքո»,- ասել է նա: Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո օրեր առաջ մասնակցել է Ֆրանսիայում կայացած Գրան Պրիին եւ դարձել է արծաթե մեդալակիր: Հայաստանի հավաքականի կազմում նա մասնակցել է երեք օլիմպիական խաղերի՝ «Պեկին-2008», «Լոնդոն-2012», «Ռիո-2016»:

 

ՀԱՄԱԼՐՈՒՄ Է ԿԱԶՄԸ

Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը համալրում է կազմը նոր ֆուտբոլիստով: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:  «Արարատ»-ը պայմանագիր է ստորագրել 21-ամյա բրազիլացի դարպասապահ Տիագո Գոմես դոս Սանթոսի հետ:

194 սմ հասակ ունեցող ֆուտբոլիստը ծնվել է 2003 թվականի հունվարի 20-ին բրազիլական Սալվադոր քաղաքում: Նա «Արարատ» է տեղափոխվել տեղի «Բահիա» ակումբի երիտասարդական թիմից:

«Ես շատ ուրախ եւ մոտիվացված եմ այս մարզաշապիկը կրելու հնարավորությունից։  Հուսով եմ, որ լավագույնս կօգնեմ թիմին եւ լավ արդյունքներ կգրանցեմ մրցաշրջանի ընթացքում»,-նշել է Տիագո Գոմեսը:




Լրահոս