Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանի հավաքականի 5 ներկայացուցիչ կսկսի պայքարը։
Փետվարի 17-ին տեղի կունենան 61, 74, 86, 92 եւ 125 կգ քաշային կարգերի նախնական գոտեմարտերը: Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Մեժլում Մեժլումյանը, Հայկ Պապիկյանը, Մուժեղ Մկրտչյանը, Կնյազ Իբոյանը եւ Լյովա Գեւորգյանը։
Մեժլում Մեժլումյանը (61կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ մրցակիցը ալբանացի Զելիմխան Աբակարովն է։
Հայկ Պապիկյանը (74 կգ) որակավորման փուլում կփորձի հաղթահարել լեհ Պատրիկ Քրիատոֆ Օլենչուզի արգելքը։
Մուժեղ Մկրտչյանը (86 կգ) որակավորման փուլում կմրցի Լատվիայի ներկայացուցիչ Ալանս Ամիրովսի հետ։
Կնյազ Իբոյանը (92 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը կլինի որակավորման փուլի բելառուս Յարասլու Իատկադուսի – ռումինացի Զոլտան Սժեպ զույգի հաղթողը։
Լյովա Գեւորգյան (125 կգ) մեկնարկում կհանդիպի Ադրբեջանի ներկայացուցիչ Գիորգի Մեշվիլդիշվիլիի հետ։
Երեկոյան մրցահերթում Արսեն Հարությունյանն (57 կգ) եւ Արման Անդրեասյանը (70 կգ) կպայքարեն չեմպիոնի կոչման համար: Վազգեն Թեւանյանը (65 կգ) կմրցի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու համար։
Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի եւ գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը կփորձի նվաճել 4-րդ տիտղոսը: Նրա մրցակիցը կլինի թուրք Մուհամեդ Կարավուսը: Կիսաեզրափակիչում Արսեն Հարությունյանը 10:0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Իսլամ Բազարգանովին:
Չեմպիոնի տիտղոսի համար Արման Անդրեասյանը կգոտեմարտի վրացի Ակակի Կեմերտելիձեի հետ: Կիսաեզրափակիչում Անդրեասյանը 8:5 հաշվով հաղթեց աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաեւին:
Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Վազգեն Թեւանյանը, Արման Ավագյանը, Սերգեյ Սարգսյանը պարտվել են: Վազգեն Թեւանյանը (65 կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնի: Թեւանյանը քառորդ եզրափակիչում ոչ միանշանակ մրցավարության պայմաններում 4:5 հաշվով զիջել էր Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Հաջիմուրադ Ռաշիդովին: