«ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հովանու ներքո գործող «Observer Research Foundation»-ի (ORF) հրավերով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Դելիում մասնակցում է «Ռաիսինա երկխոսություն» (Raisina Dialogue) միջազգային համաժողովին, որին ներկա են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետեր, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ եւ այլք։ 

 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից՝ ընդգծելով, որ միջոցառումը մեկ հարկի տակ է միավորում գլոբալ եւ տարածաշրջանային պետական եւ ոչ պետական դերակատարներին՝ հնարավորություն տալով ծավալել բազմակողմանի երկխոսություն եւ համագործակցություն։

Համաժողովը մեկնարկել է «Հայ-հնդկական երկխոսություն» միջոցառմամբ, որի շրջանակում բացման ելույթով հանդես է եկել նաեւ նախարար Նարեկ Մկրտչյանը։  Ընդգծելով Հնդկաստանի հետ գործընկերային արդյունավետ հարաբերությունների կարեւորությունը՝ նախարարը խոսել է երկու երկրների միջեւ գործընկերության խթանման ուղղությամբ երկուստեք իրականացվող քայլերի մասին: Շեշտվել է, որ վերջին շրջանում Հնդկաստանի հետ հարաբերություններն ակտիվ զարգանում են,  ինչը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

«Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ համագործակցությունը նոր թափ է ստացել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ առեւտրի եւ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության ու մշակույթի։ Երկու ժողովուրդների միջեւ հնուց ի վեր առկա փոխադարձ հարգանքը եւ փոխվստահությունը նպաստում են միջմարդկային փոխանակումների ինտենսիվացմանը տարբեր բնագավառներում»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով աշխատանքային միգրացիայի ոլորտում իրականացվող բարեփոխումներին եւ առկա խնդիրների ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ  իր ղեկավարվող նախարարության կողմից անհրաժեշտ մոտեցումներ են մշակվում՝ ապահովելու ոլորտի համապատասխան կանոնակարգումը: Նախարարը նաեւ խոսել է նախարարության կողմից 2022 թվականին ստորագրված Skill India-ի հետ փոխըմբռնման հուշագրից, որը վերապատրաստման եւ հմտությունների զարգացման հնարավորություն է նախատեսում:

Նախարարն իր խոսքում կարեւորել է նաեւ արհեստական ինտելեկտի ոլորտում համագործակցության ներուժը եւ առաջարկել դիտարկել գլոբալ AI նորարարական հարթակի ստեղծման գաղափարը՝ լուծումների եւ հետազոտությունների փոխանակումը հեշտացնելու, միջազգային համագործակցության միջոցով սոցիալական օգուտները խթանելու նպատակով։ Ազգերի միջեւ խաղաղության, համագործակցության ու փոխադարձ հարգանքի դրսեւորման կարեւորության համատեքստում խոսվել է նաեւ «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգի մասին եւ նշվել, որ  անվտանգությունը, տնտեսական կայունությունը եւ երկրների զարգացումը պետք է դիտարկվեն որպես հավաքական գլոբալ պատասխանատվություն։

Համաժողովի ընթացքում կազմակերպվել են նաեւ պանելային քննարկումներ, որոնց շրջանակում մասնակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

«ԱՄԱՅԻ ՍԱՐԵՐԸ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԵՆ»

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Աշնանը հավաքած բերքի իրացման հարցը մոտ 5 ամիս է, դեռ քննարկում են կառավարությունում. հիշեցում՝ 7 օրից գարուն է։

 

Սահմանամերձ Վարդենիսի բնակիչների մշակած կարտոֆիլը չի իրացվել. գրություն ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին:

Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչների կողմից ստացել էի բողոքներ առ այն, որ իրենց մշակած կարտոֆիլը չի վաճառվել. պահեստներում, հորերում տոննաներով կարտոֆիլ է մնացել:

Բնակիչները վարկ են վերցրել, մշակել կարտոֆիլը, որ կարողանան ստացված եկամուտով ոչ միայն մարել վարկերը, այլեւ շահույթ ունենալ եւ ողջ տարին ապրել դրանով, իսկ հիմա չեն կարողանում տարվա բերքն իրացնել:

Արձագանքելով իմ հայրենակիցների մտահոգություններին՝ գրություն եմ ուղարկել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին՝ պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցներ խնդրի լուծման ուղղությամբ:

Իմ գրությանն ի պատասխան՝ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է հետեւյալը. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչների կողմից 2023թ. արտադրված, սակայն չիրացված գյուղատնտեսական մթերքների իրացման հարցերը քննարկվում են պատասխանատու գերատեսչությունների, մասնավորապես` ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ»:

Շուտով սկսվելու են գարնանային գյուղատնտեսական աշխատանքները, իսկ ՀՀ կառավարությունում քննարկում են 2023-ին հավաքած բերքի իրացման հարցերը:

Որքա՞ն եւ ինչպե՞ս պետք է սպասեն արդեն սահմանամերձ դարձած Վարդենիսի բնակիչները. պատասխանում ոչինչ չի ասվում:

Կարող եմ միայն արձանագրել, որ ներկայիս կառավարության քաղաքականությունը, որն իրականացվում է սահմանամերձ բնակավայրերի մասով, հակահայկական է, հակամարդկային եւ հակապետական:

Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խնդիրներն ավելացնելով՝ ՀՀ կառավարությունը նրանց ցույց է տալիս հայրենի տունը լքելու ճանապարհը: Իսկ հետո արդեն սցենարը պարզ է. դատարկ, ամայի, ձյունոտ սարերն ու բնակավայրերը մեզ պետք չեն, դրանք «դժբախտ ու դժգույն են»:

Ն. ԱՂԱՍՅԱՆ

 

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ

Փետրվարի 29-ին Իջեւան համայնքի Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում նշանակված են «Էյթի Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման տեղամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։ Սա արդեն երկրորդ քննարկումն է Վազաշենում: Հայցվող տարածքը գտնվում է Վազաշեն գյուղից 1,5-1,6 կմ հարավ արեւելք, երեւակման տարածքում առանձնացվում է Կարմիր քարի տեղամասը։ «Էյթի Գրուպ» ՍՊԸ-ն հախատեսում է հետախուզումն իրականացնել երկրաբանական երթուղիների, մեխանիկական սյունակային հորատանցքերի, հետախուզաառուների անցմամբ եւ նմուշարկման միջոցով։ Ընկերությունը հավաստիացնում է, որ նախատեսված գործունեության ժամանակ բուսական եւ կենդանական աշխարհը չի տուժելու, տեղամասում հատուկ պահպանվող տարածքներ, սողանքներ չկան։ 2019թ.-ին  ընկերության ներկայացված հայտին բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել։ 2021թ. ընկերությունը նորից հայտ էր ներկայացրել, որով նախատեսվում էր հետախուզական աշխատանքներն իրականացնել 2020-2023թթ.-ին։ 2023-ի սեպտեմբերին Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին է դիմել «Էյթի Գրուպ» ՍՊԸ-ն, որին պատկանում   է  Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման ընդերքօգտագործման իրավունքը: Գործող օրենսդրության համաձայն՝ Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկած հողամասից 6,924հա մակերեսով տարածքը հատկացվել է ընկերությանը՝ կնքելով հողի սերվիտուտի պայմանագիր մեկ տարի ժամկետով, հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար:  2023թ. սեպտեմբերի 22-ին Իջեւան համայնքի ավագանին որոշել է հավանություն տալ Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-059-0146-0001 ծածկագրով հողամասից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար 6,924հա մակերեսով տարածք «Էյթի Գրուպ» ՍՊԸ-ին հատկացնելու՝ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ երկարաձգելով հողի սերվիտուտի պայմանագիրը մինչեւ 2024թ.-ի մարտի 24-ը, հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ: «Էյթի գրուպ» ՍՊԸ-ն գրանցվել է 2019թ. նոյեմբերին, այն  հիմնադրել են Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում հաշվառված Արմեն Բորիսի Չապուխյանն ու Արաբկիր համայնքում գրանցված Տիգրան Արամի Ավետիսյանը: 2012-2017թթ.-ին Վազաշենի ոսկու հանքավայրի տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու թույլտվություն ունեցել է «Պոլիմետ կորպորացիա» հայ-կանադական ՀՁ-ն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս