«Մենք չենք կարող թույլ տալ մայդան լինի: Ապրիլին կառավարությանն անվստահություն ենք հայտնելու»,- այսօրվա մամլո ասուլիսում ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն ասաց, որ ինքը ռեալ մարդ է, և իր համար անհասկանալի է ՝ ինչ ասել է մարդկային կառավարություն ստեղծելը: «ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը համագործակցում են միմյանց հետ վաղուց և դեմ են քվեարկում կառավարության լուրջ ծրագրերին, բայց միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվում, իշխանությունը քաղաքական մեծամասնության ձեռքում է»,- ասաց Այվազյանը:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ ԲՀԿ-ն դուրս եկավ կոալիցիայից, քանի որ ունենալով չորս նախարար, մի քանի մարզպետ, քաղաքական որոշումների վրա չէր կարողանում ազդել այնքան, ինչքան ինքը ստացել էր քվե:
«Մենք, համագործակցելով ընդդիմադիր մյուս ուժերի հետ, գնահատական ենք տալիս կառավարության գործունեությանը, բայց ոչ երբեք մերկապարանոց: Քիչ է, երբ դու ասում ես կառավարություն, դու սենց ես արել, դա քիչ է. հիմա գնա, ես եմ գալիս: Քեզ հարց են տալիս ` դու ո՞վ ես և ի՞նչ ես անելու և ի՞նչ երաշխիք, որ անելու»,- ասաց Մելքումյանը:
«Փաստորեն կարող ենք արձանագրել, որ դուք օպոզիցի՞ա եք»,-հարցրեց Այվազյանը:
«Ո՛չ»,- հակադարձեց ԲՀԿ պատգամավորը:
«Դե հիմա որոշեք ` այլընտրա՞նք եք, թե՞ օպոզիցիա»,- ասաց Այվազյանը:
ԲՀԿ պատգամավորը վստահ է ` գալիք ընտրություններից շուտ միասնական ծրագրով հանդես կգան չորս ուժերը ` որպես այլընտրանքային ուժ:
Իսկ թե ինչո՞ւ ԲՀԿ-ը միանգամից չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, Մելքումյանն ասաց. «Քայլերով առաջ ենք գնում»: Հետո ասաց, որ ինքը դեմ է, որ երկրում պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվի: