Եթե սա ծուղակ լինի, ապա ամեն բան նոր թափով է սկսվելու․ Սարգիս Արզումանյանը՝ նստացույցի դադարեցման և հետագա գործողությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գոյ» թատրոնը ժամանակավորապես դադարեցրել է իր նստացույցը։ Այս մասին ArmLur.am-ը դեռ օրեր առաջ հայտնել էր։

Բանն այն է, որ թատրոնը ԿԳՄՍՆ-ի հետ բանակցությունների է գնում։

Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի դուռը «Սունդուկյան» թատրոնը փակել էր, այդ իսկ պատճառով էլ «Գոյ» թատրոնի ամբողջ ստեղծագործական անձնակազմը կազմակերպել էր ակցիաներ և ժամանակավոր նստացույց՝ պահանջելով վերականգնել իրենց ստեղծագործելու իրավունքը։

ArmLur.am-ը զրուցել է «Գոյ» թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանի հետ։

-Պարո՛ն Արզումանյան, Դուք հայտնել էիք, որ դադարեցնում եք նստացույցը ժամանակավորապես, քանի որ ԿԳՄՍՆ-ի հետ բանակցությունների եք գնալու։ ԿԳՄՍՆ-ից Ձեզ ի՞նչ ասացին, ի՞նչ են պատրաստվում անել թատրոնի համար։

-ԿԳՄՍՆ-ի հետ բանակցություններ են ընթանում, որպես այդպիսին ընդհանուր պատասխան դեռ չկա։ Հիմա պայմանավորվածությունն այսպես է, որ մենք ծրագիրը կազմել ենք, ներկայացրել ենք իրենց և իրենք հաստատեն։ Մենք ավելի առարկայական պետք է ամեն բան ներկայացնենք իրենց, որ իրենք էլ քննարկեն ու հաստատեն։ Ներկա դրությամբ մենք հիմա խոսում ենք 1 տարվա պետական աջակցության մասին։ Այսինքն 1 տարի պետությունը ֆինանսավորի, մենք առաջարկել էինք անցումային փուլի համար և տեղի հարցը։ Հիմա այս խնդիրն ենք փորձում լուծել փաստաթղթով, օրենքով, կարգով, որ տրամադրենք։ Այս ամենը փորձում ենք հիմա կազմակերպել ԿԳՄՍՆ-ի հետ, որի միջնորդը թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն է, իր ջանքերով է այս ամենը ավելի շատ կատարվում։

-Դուք նշել էիք, որ «Գոյ» թատրոն մուտք եք գործելու հենց ձեր մուտքից, որը կողպված է։ Հաջողվե՞ց մուտք գործել մուտքի՞ց, թե՞ ոչ։

-Մուտք գործելն, այսպես ասած, դա իրավական մասով էինք մենք ասում, քանի որ դատարանը վարույթ է վերցրել այն գործը, որը որ պետական ռեգիստրում ոչ իրավաչափ պետք է ճանաչվի այդ գրանցումը, հիմա վիճարկում ենք մենք, իսկ վիճարկման հայցով, ըստ վարչական դատավարության 83-րդ հոդվածի, ինքն արդեն տրամաբանորեն ըստ օրենքի ուժի կասեցնում է բխող գործողությունները։ Այսինքն՝ երբ կասեցվում է, դուռը բնականաբար պետք է բացվի և իրենց իրազեկումն աշխատողներին պետք է լինի, որ եթե այս օրը չեք գալիս՝ աշխատանքից ազատվում եք կամ այլ իրազեկումներ, դրանք պետք է չկատարվեն, որովհետև գործողություններն այլևս պետք է լինեն կասեցված։ Հիմա մենք գնացինք, մեր փաստաբանը մի դիմում էր գրել, այդ դիմումը փորձեցինք տանել, ասել, երկօրյա ժամկետ տանք և առձեռն այդ դիմումը մենք տանք իրենց ու ասենք, որ 2 օրից դուռը բացեք օրենքի ուժով, ոչ թե ստիպողաբար։ Մենք ոչ թե ապօրինաբար էինք փորձում ներս մտնել, այլ իրավական ձևով։ Սունդուկյան թատրոնի փոխտնօրենը դիմումը չվերցրեց, ասաց՝ տարեք «պոչտայով» ուղարկեք։ Իրենց փաստաբանը դիմումը չվերցրեց, ասաց, որ ունեն դիմում, բայց ոչ այս դիմումը։ Չգիտեմ, թե ինչն է խտրականությունը կամ ինչն էր այդտեղ սկզբունքային հարցը, որ չվերցրեց այդ դիմումը, բայց բովանդակությանը ծանոթացավ։ Այսինքն՝ ամեն դեպքում իրենք իրազեկված են ամենի մասին, ինչը, որ գրված է այդ թղթի վրա։ Բայց ամեն դեպքում մենք փոստով ուղարկել ենք իրենց դիմումը, դա չի հարցը։ Մենք իրենց տվել ենք 2 օր ժամանակ, որպեսզի իրենք դուռը բացեն։ Դա մեր ցանկությունը չի, դա օրենքի կետ է։

-Սունդուկյան թատրոնից միայն այդ արձագանքն եք ստացե՞լ, ուրիշ ոչինչ չե՞ն ասել։

-Ո՛չ, ուրիշ արձագանք չկա, միայն սա է։

-Նաև նշել էիք, որ ժամանակավորապես դադարեցնում եք նստացույցը, եթե այս ամենը չհաջողվի, նորից սկսելո՞ւ եք նստացույցը։

-Բնականաբար։ Այդ պայմանավորվածությամբ ենք արել ամեն բան։ Նախարարության կողմից եղել է պահանջ, եթե բանակցում ենք, գնում ենք այդ գործով, բնականաբար նման ակցիաներ և այլ գործողություններ պետք չէ։ Մեր նպատակն էլ, բնականաբար, այդ ակցիաները չեն, այլ հարցին վերջնական լուծում տալն է և կարծես թե, այսպես ասած՝ մարդիկ օգնության ձեռք մեկնեցին։ Էլի եմ շեշտում, որ շատ կարևոր է թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի միջնորդությունը այս գործին։ Հիմա, եթե թատերական գործիչների միությունը խառնվել է այս գործին, կոպիտ ասած մենք պարտավոր ենք հավատալ նախ թատերական գործիչների միության նախագահին ու գործիչների միությանը, ոչ թե ԿԳՄՍՆ-ին, որովհետև մենք միշտ բազմիցս ասել ենք՝ ուր է թատերական գործիչները միությունը, ինչու ինչ-որ գործողություն չի անում։ Փաստացի հիմա գործողություն է կատարում այդ կառույցը ու չհավատալ, ինձ թվում է, անազնիվ կլինի։ Հանկարծ որևէ մի պահի, երբ մենք հասկանանք, որ մի բան այն չէ, որ սա ծուղակ է, բնականաբար ամեն բան կսկսվի այլ թափով։

Աննա Սրապիոնյան




Լրահոս