ՀՀ-ն ՄԹ-ում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն ընդունել է «Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի մասին» որոշում:

Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունը կունենա Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ, ով կիրականացնի երկու պետությունների ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ:

Հնարավորություն կստեղծվի ՀՀ պաշտպանության նախարարության համար Միացյալ Թագավորությունում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար, այն նոր որակ կհաղորդի ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին և կնպաստի բարեկամական կապերի հետագա խորացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը:

Ըստ հիմնավորման՝ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև բարեկամական հարաբերությունները և փոխվստահությունը հիմնված են ընդհանուր արժեքների ու մոտեցումների վրա և ունեն զարգացման լուրջ հեռանկարներ:

Հայաստանը, հանդիսանալով «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից պետություն, մեծապես արժևորում է Միացյալ Թագավորության գործուն դերակատարությունը՝ որպես կարևորագույն կամուրջ Հայաստան-ՆԱՏՕ երկխոսության ամրապնդման, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման, պաշտպանության բնագավառում առավել սերտ և արդյունավետ համագործակցության համատեքստում:




Լրահոս