Էրդողանը 12 տարվա մեջ առաջին անգամ այցելել է Իրաք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին 12 տարվա մեջ առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Բաղդադ, որտեղ բանակցություններ կվարի Իրաքի իշխանությունների հետ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին, հաղորդում է TRT World-ը:

Թուրքիայի նախագահը կհանդիպի իրաքցի գործընկեր Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի և երկրի վարչապետ Մուհամմեդ Շիա Ալ-Սուդանիի հետ։ Սպասվում է, որ նրանք կքննարկեն երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Ալ-Սուդանին հայտարարել էր, որ «ջուրն ու անվտանգությունը լինելու են օրակարգի գլխավոր հարցերը»։ Լրատվամիջոցները նշում են նաև, որ մեկ այլ կարևոր թեմա է լինելու գազի և նավթի արտահանումը։

Իրաքը պայքարում է Թուրքիայից սկիզբ առնող Տիգրիս և Եփրատ գետերի ջրի արդար բաշխման համար։ Այս գետերից է ստացվում Իրաքի խմելու ջրի ավելի քան 90%-ը։ Ընդ որում՝ Թուրքիան դրանց վրա մի քանի ամբարտակ է կառուցել, իսկ Իրանը, որի տարածքում մի քանի վտակներ սնուցում են Տիգրիսը, վերաուղղորդել է վտակները։ Տասնամյակներ շարունակ Իրաքը փորձում է ապահովել ջրի արդար բաշխումը երկրների միջև:

Էրդողանին ուղեկցում են արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և մի քանի այլ նախարար։

Բաղդադում բանակցություններից հետո Էրդողանը կայցելի Քրդստանի ինքնավար շրջանի Էրբիլ քաղաք։




Լրահոս